Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, այցելել էր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ՝ մասնակցելու հարազատ ֆակուլտետի նոր ուսումնական տարվա առաջին օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը:
Մինասյանն իր ելույթում ողջունեց ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, ապա, շարունակելով խոսքը, երկու շեշտադրում արեց. «Ձեզանից յուրաքանչյուրը մի ընտանիք զավակ է, և այդ ընտանիքում ձեզ հետ կապում են մեծ հույսեր, ապագային միտված ծրագրերի իրականացման երազանքներ, հետևաբար չթողնեք, որ այդ երազանքներն օդում մնան: Դրա համար էլ պետք է արդարացնել հույսն ու հավատը, վստահությունը, որ ձեր ընտանքիներում ձևավորվել է: Դուք ՀՀ քաղաքացիներ եք, և ձեզանից յուրաքանչյուրն իր առօրյա կյանքում հանդիպելու է բազմազան խնդիրների, բայց երբեք չընկճվեք առկա խնդիրներից, դուք պետք է ձգտեք, որպես քաղաքացիներ, ապրել և օր օրի զարգացնել ձեր միջավայրը»:
Նախարարն ուսանողներին հորդորեց իրենց իրավունքների համար պատրաստ լինել պայքարի: «Երբեք չմտածե´ք, որ դուք երկրորդ կամ երրորդ կարգի քաղաքացիներ եք, դուք առաջնակարգ քաղաքացիներ եք, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք, և ուսումնառության ընթացքում այս գիտակցումը երբեք չպետք է լռի, հակառակը` պետք է ամրապնդի ուսում ստանալու ձգտումն ու ցանկությունը: Միայն գիտելիքով զինվածն է, որ կարող է իր իրավունքները հավուր պատշաճի առաջ տանել»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր տնտեսությունը դեռևս չի կարողանում ապահովել պատշաճ զբաղվածություն:
«Մեր տնտեսությունը դեռևս չի կարողանում լիարժեքորեն ապահովել մրցունակություն, ամբողջական արտադրանքի իրացում: Այսօր մեր տնտեսության առջև բազմաթիվ դժվարություններ կան, մեր տնտեսությունը դեռևս չի լուծել մի քանի հիմնական հարցեր: Խնդիրների լուծման կարևոր բանալին պատշաճ մասնագիտական կազմ ունենալն է, որը մեր կառավարման ու տնտեսության զարգացման հիմնարար հարցերից մեկն է: Ցանկացած տնտեսության հիմնարար զարգացման հիմքը երեք ռեսուրս է ՝ տեխնոլոգիաներ, ներդրումներ, մարդկային և մասնագիտական կարողություններ»,- նշեց նախարարը:
Մինասյանի խոսքով՝ մեր տնտեսական ոլորտները զարգացնելու համար պետք է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը: «Այս ոլորտում արձանագրվում է 20-25 տոկոս աճ: Շատ կարևոր է և ցույց է տրվում, որ ՀՀ-ն ունակ է մարդկային ներուժը դարձնել իր զարգացման հիմնական մրցակցային առավելությունը: Կենտրոնական տեղում մարդկային կապիտալն է: Այսօր մեզ պետք է ոչ թե մեկ կամ երկու տոկոս տնտեսական աճ, հարկավոր են հիմնական փոփոխություններ»,- ասաց նախարարը: