կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-28 12:13
Տնտեսական

Կառավարությունն արտոնություն տվեց «Նակի» ընկերությանը՝ Արագածոտնում ջերմոցներ կառուցելու համար

Կառավարությունն արտոնություն տվեց «Նակի» ընկերությանը՝ Արագածոտնում ջերմոցներ կառուցելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տալ «ՆԱԿԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՆԱԿԻ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են ՀՀ Արագածոտնի մարզում ջերմոցների կառուցման համար։ Ջերմատնային կոմպլեքսը համապատասխանում է լավագույն եվրոպական փորձին և համարվում է ժամանակակից բոլոր ստանդարտներին համապատասխան: Արդեն իսկ իրականացվել է 160 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 53 մլն դրամի ներդրում նոր ջերմոցի կառուցման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել 3 նոր աշխատատեղ` մինչև 55,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի 50%-ը Ընկերությունը նախատեսում է արտահանել ՌԴ, ջերմոցի կառուցումն ավարտելուց հետո՝ 2023 թվականից։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 34 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․7 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։