կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-06 15:36
Հասարակություն

Բյուջեի հատկացումներից գոհ չեմ. Լևոն Ալթունյան

Բյուջեի հատկացումներից գոհ չեմ. Լևոն Ալթունյան

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ, իր կարծիքով, ստվերը ՀՀ-ում շատ ավելի քիչ է, քան կարելի է ենթադրել խոսակցություններից:

«Խոսակցությունները շատ ավելին են, քան ինքը` երևույթը: Այսօր զգացումների մակարդակի վրա կարող եմ ասել, իսկ վաղը մենք կկարողանանք հասկանալ` հասարակական հարցումներ անելով: Նախարարությունում ստեղծվելու է մի գործիք՝ զանգերի կենտրոն, որն աշխատելու է 24 ժամ, որպեսզի հասարակության վերաբերմունքը հասկանանք»,- ասաց նա:

Ալթունյանի խոսքով` շուրջ 3 տարի չի գործել առողջապահական տեսչությունը, և այսօր այս տեսչական մարմինն արդեն կայացման փուլում է, ավելին՝ հունվար-փետրվար ամիսներին տեսչությունը կաշխատի:

Հարցին՝ գո՞հ է բյուջեի հատկացումներից, թե՞ կարող էր ավելի շատ լինել, նախարարը պատասխանեց. «Բյուջեի հատկացումներից գոհ չեմ, կարող էր ավելի շատ լինել, և մենք գիտեինք, թե որտեղ ենք ծախսելու այդ գումարները»:

Հարցին՝ արդյո՞ք տրամադրվող գումարների կրճատումը չի ազդի ծառայությունների որակի վրա, Լևոն Ալթունյանն արձագանքեց. «Համոզված եմ՝ մատուցվող ծառայությունների որակը չի ընկնի, չի փոխվի մի պարզ պատճառով՝ այն կապված չէ գումարի հետ, քանի որ բժիշկը միշտ աշխատում է` իրեն տրամադրելով իր գործին: Երբ բժշկին չեն վճարում կամ վճարում են շատ ավելի մեծ գումար, միևնույն է, նա անում է այնպես, ինչպես կարողանում է, այսինքն՝ ո՛չ ավելի լավ, ո՛չ ավելի վատ»:

Ապա նախարարը նշեց, որ 5.8 մլրդ դրամով կրճատվել է առողջապահության բյուջեն: «Պետք է ասել, որ թիվը վախեցնող է: Բայց այստեղ կրճատված 1.3 միլիարդը նախորդ տարի օգտագործվել է Վանաձորի առողաջապահական կետրոնի կառուցման և արդիականացման նախագծում, իսկ նախագիծն ավարտվել է: 4.5 մլրդից մոտ 1.2 մլրդ դրամն այն գումարն է, որը տնտեսվել է հիվանդությունների կանխարգելման կենտրոնի կողմից օպտիմալացման հետևանքով, քանի որ այսօր ունենք ծառայությունների` մոտ 4 անգամ կենտրոնացում, ինչպես նաև ԱՄՆ կառավարության օգնությամբ բարեկարգվել են Երևանի և 4 մարզերի կենտրոնները, իսկ ծրագիրը շարունակվում է»,- եզրափակեց նախարարը: