Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ, ծանոթացել իրականացվող և արդեն կյանքի կոչված ծրագրերին։
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 20 տարվա ընթացքում իրականացված ծրագրերը հիմնված են եղել երկրի առաջնահերթ կարիքների, ինչպես նաև կառավարության գերակա և ռազմավարական ծրագրերի վրա։ Արդյունքում օպտիմալացվել է հանրապետության առողջապահական համակարգը` հիվանդանոցների թիվը 111-ից հասցնելով 87-ի։ Մարզային 14 հիվանդանոց արդիականացվել է, որից 2-ը` Գյումրու և Մեղրու բժշկական կենտրոնները, կառուցվել են հիմքից։ Այս հիվանդանոցների որակյալ և մատչելի ծառայություններից կարող Է օգտվել մարզերի շուրջ 830 հազար բնակչություն։
Լուրջ առաջընթաց է արձանագրվել մարզերի առողջության առաջնային օղակում։ Առաջնորդվելով երկրի որդեգրած ռազմավարություններով և զարգացման տեսլականով` ծրագրերն իրականացվել են երկու ուղղությամբ։ Անցած տարիների ընթացքում Համաշխարահային բանկի վարկային ծրագրով կառուցվել և վերանորոգվել է 173 գյուղական ամբուլատորիա և առողջության կենտրոն, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող բոլոր ամբուլատորիաները հագեցվել են բժշկական սարքավորումներով, գույքով և պարագաներով։
Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետները նախարարին ներկայացրել են նաև առկա խնդիրները։ Մասնավորապես, ժամանակի ընթացքում փոխվել են մոտեցումներն ու պահանջները, հետևաբար համակարգում հետագա օպտիմալացման անհրաժեշտություն է առաջացել։ Դեռևս մտահոգիչ է բժշկական կադրերի անհամաչափ բաշխվածությունը Երևանում և մարզերում, ինչպես նաև` մարզերի ներսում։ Բարելավման կարիք ունի արդիականացված մարզային առանձին հիվանդանոցների կառավարումը։ Դեռևս առկա է գյուղական շուրջ 40-50 ամբուլատորիաների ենթակառուցվածքների բարելավման խնդիր։
Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է, թե ինչ մեթոդաբանությամբ են գնահատվում իրականացված ծրագրերի արդյունավետությունը թե՛ ֆինանսապես, թե՛ բժշկական ծառայությունների որակի, մատչելիության և դիմելիության ցուցանիշներով։ Նախարարին ներկայացվել են այդ ուղղությամբ գրասենյակի խմբերի կողմից կատարված ուսումնասիրությունները, ինչպես ըստ մարզերի, այնպես էլ` ըստ առանձին հիվանդանոցների։
Նախարարը հանձնարարել է առանձին հանդիպում կազմակերպել` իրականացված բոլոր ծրագրերի արդյունավետության գնահատման ուսումնասիրություններին առավել մանրամասն ծանոթանալու համար։
«Մենք պետք է համատեղ խորը վերլուծություն կատարենք, որպեսզի մեր ունեցած գումարներով և ներուժով կարճ ժամանակում կարողանանք հասնել շոշափելի արդյունքների»,-ասել է Լևոն Ալթունյանը։