կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-22 14:28
Հասարակություն

«Սուրճ խմող» գիտնականների կատարած աշխատանքով Արայիկ Հարությունյանը պարծեցել է Մոսկվայում

«Սուրճ խմող» գիտնականների կատարած աշխատանքով Արայիկ Հարությունյանը պարծեցել է Մոսկվայում

«Հայաստանում գիտական գործունեություն վարել՝  նշանակում է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է՝ գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել եւ վերադառնալ տուն». այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի եւ Վենետիկի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ըստ Yerkir.am-ի, անուղղակիորեն պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների՝ գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ։

«Մենք միջազգային համագործակցության մեծ փորձ ենք կուտակել՝ հիմնարար և կիրառական հետազոտությունների բնագավառում համատեղ նախագծեր իրականացնելու համար: Միջպետական, միջգերատեսչական և ինստիտուցիոնալ կապերի շնորհիվ մեր երկիրը երկկողմանի գիտատեխնիկական համագործակցություն է ծավալում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Չինաստանը, Բելառուսը: Գործընկերային հետազոտական դրամաշնորհները ֆինանսավորվում են մրցակցային հիմունքներով, ստեղծվում են համատեղ լաբորատորիաներ:

2013 թվականից հետազոտությունների տարբեր ոլորտներից ավելի քան 100 ծրագիր հաջողությամբ իրականացրել ենք Ռուսաստանի հումանիտար գիտությունների և Հիմնարար հետազոտությունների  հիմնադրամների հետ։ Իսկ Փոքր և միջին բիզնեսին գիտության և տեխնիկայի ոլորտի աջակցության համաձայնագրի շրջանակում ՌԴ-ն 10 համատեղ ծրագիր է ընտրել, որոնք կոնկրետ կիրառական արդյունք են ապահովելու։

2011 թ.-ից զարգանում է հայ-բելառուսական գիտատեխնիկական համագործակցությունը, որը հիմնված է համապատասխան միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի վրա, և արդեն ավելի քան 600 համատեղ ծրագրեր արդյունավետ իրականացրել ենք գիտահետազոտական և կիրառական ոլորտներում։

Ամրապնդվում է համագործակցությունը նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ. 2012-ին հռչակագիր է ստորագրվել Հայաստանի ու Չինաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև, իսկ 2019 թ.-ին երկրների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության հռչակագիր՝ երկրաշարժի ոլորտի ուսումնասիրության մասին, որի հիմքով ստեղծվելու է միջազգային լաբորատորիա։

Հայաստանը նոր և բարձր տեխնոլոգիական տարածքի,  Մետաքսի նոր ճանապարհի հիմնադիրների շրջանակում է։ Նպատակը փոխշահավետ գիտատեխնոլոգիական կապերի ամրապնդումն է մասնակից երկրների կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև։

ՀՀ-ն մասնակցում է մի շարք խոշոր միջպետական կոլաբորացիաների՝ ինչպիսին Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտն է, 2016-ից ԵՄ-ի գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման՝ «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրի ասոցացված անդամ է։

Հայաստանը հուշագիր է ստորագրել Գիտական հետազոտությունների եվրասիական ասոցիացիա հիմնելու մասին, որին մասնակցում են Եվրասիական տարածքի մի շարք պետություններ, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետություններ»,-ելույթում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Եվ սա ամենը չէր, նա նաև ընդգծեց, որ պատրաստ են զարգացնել համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների հետ գիտության և տեխնիկայի ոլորտում։

Իսկ վարչապետ Փաշինյանը մտադիր է այս «սուրճ խմողներին» դուրս բերել «կոնֆորտ զոնայից» և թույլ չտալ յոլա գնալու տրամաբանություն։

Աննա Բալյան