Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարությունը վարում է ոչ թե աղքատության հաղթահարման, այլ աղքատության խորացման քաղաքականություն. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման կարծիք հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ 2018-ի բյուջեի վերաբերյալ ունենք շատ կարևոր փաստ՝ արդեն 3 տարի կենսաթոշակները, նպաստները չեն բարձրացրել, բայց, դրան զուգահեռ, առկա է գնաճ, որը շարունակվելու է:
«2018-ին 4 տոկոս գնաճ է նախատեսվում, 2017-ին՝ 2.7 տոկոս, այսինքն` երկու տարվա տվյալով արդեն 6.7 տոկոս գնաճ ունենք։ Հետևաբար, եթե մենք թոշակներն ու նպաստները չենք բարձրացնում, նշանակում է, որ կառավարությունը վարում է ոչ թե աղքատության հաղթահարման, այլ աղքատության խորացման քաղաքականություն: Եթե մարդիկ նույն աշխատավարձն են ստանում, բայց գնաճը շարունակվում է, դա իր հետ սոցիալական հետևանքներ է բերում»,- ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ 2018-ին ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ մաքսային նոր դրույքաչափերը, ըստ որոնց՝ լայն սպառման բազմաթիվ ապրանքների գները բարձրացնելու են, ինչն էլ, բնականաբար, սոցիալական հետևանքներ է թողնելու։ «Բյուջեն այս առումով գնահատում եմ որպես բացարձակապես ոչ ադեկվատ»,- ասաց Փաշինյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը` նշելով, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պետք է պարզաբանումներ ներկայացնի, քանի որ տպավորություն կա, որ Խաչատրյանը խոսում է Վիգեն Սարգսյանի մասին:
«Պատշաճ կլինի, որ Վիգեն Սարգսյանն ինքը պարզաբանումներ ներկայացնի, և ճիշտ կլինի, որ այդ պատճառաբանումները լինեն ոչ թե բանավոր, այլ փաստաթղթային: Նա պետք է մեկնաբանի 1992-ին իր` բանակ չգնալը, որից հետո պարզ կլինի` Վիգեն Սարգսյանի՞ մասին է խոսում Խաչատրյանը, թե՞ մեկ ուրիշի: Վիգեն Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ արված գրառումը, ըստ որի՝ 2000-2002թթ. նա ծառայել է, պետք է պարզաբանվի, որպեսզի հանրությունն իմանա, որ Սարգսյանն իր ծառայությունն անցկացրել է այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գրասենյակում՝ որպես ռեֆերենտ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ծայրահեղ անպատշաճ վարքագիծ է, երբ ողջ կյանքը կաբինետներում անցկացրած պաշտպանության նախարարը ծառայության մեկնած կամավորականի պատվոգիրը փորձում է կասկածի տակ դնել, այլ լույսի ներքո ներկայացնել: