Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարեվերջին, երբ բախվեցինք մի շարք նախարարությունների և հատկապես ՊԵԿ-ի պարգևավճարների շքահանդեսին, հանրությունը շատ արդարացիորեն ընդվզեց։ Ընդվզեց՝ մխիթարվելով հույսով, որ ճիշտ պահն է, որ «նոր Հայաստանի» խոստումով իշխանություն իրականացնող քաղաքական ուժն անդրադառնա պետական համակարգում գործող աշխատավարձերի սահմանման սկզբունքներին և փիլիսոփայությանը։
Որքան էլ ջանաք, դժվար է հասկանալ կամ բացատրել, թե ինչու պիտի պետությունը նույն հասարակության անդամ հանդիսացող գրադարանավարի, դասախոսի կամ բժշկի համար 70000 աշխատավարձ սահմանի, մեկ այլ պետական հատվածում քարտուղարուհին կամ ինչ-որ տեսուչ դրա քառապատիկը ստանա կամ ավելին։ Ճիշտ այդպես՝ անկարելի է հասկանալ կամ պատկերացնել, թե ինչ աճպարարությամբ է հնարավոր գոյատևել այդ աշխատավարձով կամ 40 000 միջին կենսաթոշակով։
Եվ ուրեմն տրամաբանական էր և արդար հանրության սպասումը, որ «հետհեղափոխական» և մանավանդ Սահմանադրությամբ սոցիալական հայտարարված պետության առաջնահերթությունների ցանկում տեղ կգտնեն սոցիալական արդարության, աղքատության հաղթահարման ու աշխատանքի արժանի վարձատրության խնդիրները։ Նաև թվում էր, թե աղքատության և գործազրկության ներկայիս համատեքստում երկրի բարձր պաշտոնեությունը կզսպի գայթակղությունը, որոշ նրբանկատություն կդրսևորի սեփական պարգևատրումներն ու աշխատավարձը սահմանելիս, բայց՝ ոչ։
Ինչպես երևում է՝ առաջնահերթություններն այլ են․ մինչ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զբաղված է իր համար խիստ օրակարգային 3-ից 6 տարեկանների «սեռական դաստիարակության» խնդիրներով, մինչ օպտիմալացման հնձող սուրը կախվել է մի քանի նախարարությունների գլխին, ու հերթական որակյալ գործազուրկների բանակը փորձում է հասկանալ՝ աղքատությունն իրենց գլխո՞ւմ է, թե՞ գլխավերևում, ու մինչ փորձ է արվում սոցիալական քաղաքականությունը տեղավորել գրանտային համոզումով և ինտրիգներով լի բազմագույն ու բարձրաձայն մի փոքր հատվածի շրջանակներում, մինչ մեր հասարակության բազմաչարչար ուշադրությունը շեղվում է կեղծ օրակարգերով ու սերիալի միտող դատավարություններով, մինչ սոցիալական քաղաքականությունն ու հպարտ քաղաքացին ընկալվում են տոնածառից փողոցային խորոված տիրույթում, Երևանի քաղաքապետը որոշել է աղքատության հաղթահարման անհատական մոդել մշակել՝ լրջորեն տնօրինելով քաղաքի բյուջեն։
Ես կհասկանայի և անգամ կգովերգեի քաղաքապետի` օրենքով պատվիրակված այդ լիազորության իրացումը, եթե բյուջեի միջոցներն ուղղվեին քաղաքի բազում կարիքներին՝ վերելակային պայթած տնտեսությանը, հիսուն տոկոսն անցնող` բարոյապես մաշված բնակֆոնդին, փողոցների ու գարշահոտ ստորգետնյա անցումների նորոգմանը, տրանսպորտի խնդիրներին․․․, բայց՝ ոչ։
Պարզվում է, որ սուպերքաղաքապետը սեփական աշխատավարձը 1 մլն 200 հազար դրամ դարձնելու, ինչպես նաև աշխատակազմը մեծացնելու ծրագիր ունի։ Իհարկե, լավ կլիներ, որ մեկը, ասենք` քաղաքապետարանի իրավաբանական բաժնից, քաղաքապետին տեղեկացներ, որ իր աշխատավարձը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և չի կարող գերազանցել ԱԺ պատգամավորի աշխատավարձի /661 հազար 400 դրամ/ 90%-ը։ Եթե անգամ մեկ այլ օրենքով, այնուամենայնից քաղաքապետի աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն կա, միևնույն է, խնդիրն իրվական չէ, ոչ էլ օրենքներին անտեղյակ քաղաքապետը: Խնդիրը միաժամանակ թե' բարոյական, թե' քաղաքական դաշտում է․ դժվարանում եմ հավատալ, որ կառավարությունում անտեղյակ են այս հղացմանը կամ հաշտվել են այն մտքին, որ քաղաքը սևերի ու սպիտակների բաժանելուց հետո սպիտակներին արժանի աշխատավարձի ժամանակն է եկել։
Ի վերջո, սոցիալական պետությունը, սերն ու համերաշխությունն իբրև իշխանափոխության հիմնական կարգախոս դարձրած իշխանությունների և պետության համար բոլոր քաղաքացիները հավասար արժեք պետք է ունենան, նա պարտավոր է բարեկեցության քաղաքականության վարել ոչ միայն յուրայինների, այլև, առանց բացառության, ամբողջ հասարակության և բոլոր քաղաքացիների համար։
Արդյո՞ք այսպիսի հատվածական սոցիալական քաղաքականությանը կանաչ ճանապարհ տալուց առաջ կառավարությունը հաշվարկել է սոցիալական մի խմբի աղքատացման և մյուս խմբի հարստացման ռիսկի աստիճանը։
Տղանե'ր և աղջիկնե'ր, մի՞թե դժվար է ընկալել, որ ինտրիգային ու հատվածական այս քաղաքականությունը կամ վարքագիծը հյուծիչ է, կեղծ օրակարգերով հանրության ուշադրությունը շեղելու փոխարեն բովանդակային գործ արեք, վաղուց հասարակություն և պետություն կերտող ծրագրեր մշակելու ժամանակն է, իրացրեք սոցիալական պետության հանձնառությունը, սոցիալական պետության հայեցակարգ մշակեք՝ կառուցված կանխատեսելիության, բոլորի համար աշխատանքի արժանի վարձատրության, լավակեցության և հասարակության մեջ սոցիալական արդարության ու համերաշխության հաստատման վրա։