Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Իմ քայլը» և «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամների պատվիրակություններին՝ Հովհաննես Ղազարյանի և Ժիրայր Էդիլյանի գլխավորությամբ: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Պաշտպանը ողջունել է կազմակերպությունների որոշումն Արցախում գործունեություն ծավալելու վերաբերյալ: Նա ընդգծել է, որ, ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված, Արցախի բնակչությունը մեծապես զրկված է միջազգային ծրագրերին մասնակցելու և կուտակված փորձին հաղորդակից լինելու ուղիղ հնարավորությունից: Ուստի, հայկական կազմակերպությունները զգալի անելիք ունեն այդ բացը լրացնելու հարցում՝ ակտիվորեն ընդգրկվելով Արցախում մարդու իրավունքների պաշտպանության, կարողությունների զարգացման, աղքատության հաղթահարման և այլ նմանատիպ ծրագրերի կյանքի կոչման գործընթացներում:
Հիմնադրամների ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ներուժը կիրառել նաև Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության ու բարօրության համար:
Հովհաննես Ղազարյանն ու Ժիրայր Էդիլյանը տեղեկացրել են, որ իրենց գործունեության առաջին փուլում նախատեսում են «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Արցախի 20 ընտանիքների համար իրագործել աղքատության փուլային հաղթահարման ծրագիր, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվելու շահառու ընտանիքներին՝ կարողությունների զարգացման, եկամուտների կայուն ավելացման ու արդյունավետ կառավարման նպատակով:
Պաշտպանն իր աջակցությունն է հայտնել աղքատության հաղթահարման նոր մոտեցման կիրառման ծրագրին՝ ընդգծելով, որ դրա արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է խորությամբ գնահատել ընտանիքների կարիքները և հաշվի առնել տեղի առանձնահատկությունները: Նա հույս է հայտնել, որ ծրագրի դրական արդյունքները կնպաստեն նաև պետական ոլորտային ծրագրերի երկարաժամկետ արդյունավետության բարձրացմանը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխշփումները և քննարկել համատեղ այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները: