կարևոր
2578 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-28 13:14
Քաղաքական

Հայաստանը Ռուսաստանի հետ ճոճանակի քաղաքականություն է վարում․ «Հրապարակ»

Հայաստանը Ռուսաստանի հետ ճոճանակի քաղաքականություն է վարում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի նախագահի աշխատակազմից երեկ հայտնեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն Մինսկի հանդիպման, կմասնակցի հետխորհրդային երկրների ղեկավարների տարեվերջյան հանդիպումներին։ «Մենք Երեւանից ազդանշան ստացանք, որ վարչապետը դեկտեմբերի վերջին պատրաստվում է գալ Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ոչ պաշտոնական հանդիպման (ԱՊՀ) եւ ԵԱՏՄ-ի պաշտոնական գագաթնաժողովին»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հիշեցնենք․ տեւական ժամանակ է՝ ՀՀ իշխանությունները հակառուսական գծի մեջ են եւ մերժում են Մոսկվայի հովանու ներքո ֆորմատները։ Իսկ Մինսկում ՀԱՊԿ նիստին չմասնակցելու պատճառների մասին ոչինչ չներկայացվեց։ Երեւանն արդեն տեւական ժամանակ բարձրաձայնում է, որ ՀԱՊԿ-ն 2021 թ․ մայիսի եւ 2022 թ․ սեպտեմբերի հարձակումների ժամանակ մեզ չի օգնել, եւ դա է նեղացածության պատճառը։ Անցած ամիս էլ Փաշինյանը չմեկնեց Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին: Հայաստանի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես բոյկոտում են ՀԱՊԿ, ԱՊՀ նիստերը: Արդյոք ինչ-որ բա՞ն է փոխվել հայ-ռուսական փոխհարաբերություններում, որ Փաշինյանն այս անգամ որոշել է մասնակցել ռուսական ֆորմատով միջոցառումներին։ ՀԱՊԿ նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել դեմարշ չանել, վերանայել ՀԱՊԿ-ում իր գործունեությունը, լուծումներ գտնել ՀԱՊԿ երկրների անվտանգության ապահովման հարցով։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն էլ արձագանքել է․ «Իմ կարծիքով, այս իրավիճակից կատեգորիկ եզրակացություններ անելն անիմաստ է, Հայաստանը եղել եւ մնում է մեր դաշնակիցը, սրանով ամեն ինչ ասված է»։ Եվ բոլորը հույս են հայտնել, որ Հայաստանը կվերականգնի իր մասնակցությունը։  

ՔՊ-ական պատգամավոր, ազգային փոքրամասնության ռուս ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը չի ցանկանում մեկնաբանել հայ-ռուսական հարաբերությունների ո՛չ սառեցումը, ո՛չ տաքացումը, ասում է՝ ինքը ո՛չ սառեցնողն է, ո՛չ տաքացնողը, հորդորում է հետեւել պաշտոնական գերատեսչության հաղորդագրություններին։ 

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, քաղաքագետ Արման Աբովյանն էլ վստահեցնում է՝ հարաբերությունների «տաքացումը» թվացյալ է․ «Ոչ մի տաքացում էլ չկա, ճգնաժամը չի անցել շատ պարզ պատճառով, որ ՀՀ իշխանությունը կիրառում է ճոճանակի մարտավարությունը, այսինքն՝ «հա՛մ յուղում են, հա՛մ՝ դաղում»։ Աբովյանի կարծիքով` սա ոչ թե իշխանությունների մարտավարությունն ու որոշումն է, այլ նրան կառավարող Արեւմուտքի․ «Փորձված մարտավարություն է՝ բզել, բզել, հարաբերությունները միտումնավոր փչացնել` արտաքին խաղացողների պահանջով, հետո հասնել մի կետի, մի փոքր թուլացնել ճնշումը։ Ուստի դիրքորոշման փոփոխություն չի եղել, դոկտրինալ առումով ունենք մի  իրավիճակ, երբ ՀՀ իշխանությունները ռուսների հետ ընտրել են կոնֆրոնտացիոն ճանապարհը, եւ այստեղ ավելի շատ ուշադրություն է պետք դարձնել ոչ թե այն հանգամանքի վրա, որ գնալու է Պետերբուրգ, եւ լարվածությունը թոթափող հայտարարություններ են արվում, այլ այն իրողության, որ Հայաստանը գործնականում քայլեր չի կատարում, որոնք կթուլացնեն լարվածությունը։ Դիցուք` օրեր առաջ Հայաստանում ամենաբարձր մակարդակով ընդունել են Գերմանիայի արտաքին հետախուզության պետ Բրունո Կալին, սա չեմ ասի` դեմարշ է, բայց լուրջ ազդակ էր ՌԴ-ի համար՝ առաջնահերթությունների տեսանկյունից»։ 

Եթե Հայաստանն իսկապես կողմ է հայ-ռուսական հարաբերությունների վերականգնմանը, Աբովյանի խոսքով՝ առնվազն չպետք է խուսափի ռուսական հարթակներում բանակցություններից․ «Տեսեք՝ մի կողմից ՀԱՊԿ-ին արդարացիորեն մեղադրում են՝ ասելով, որ ՀՀ տարածքների օկուպացիայի վերաբերյալ արձագանքը խնդրահարույց է, մյուս կողմից՝ փաստաթղթով հրաժարվում են այն օգնությունից, որը ՀԱՊԿ-ն առաջարկում է։ Ամենակարեւորը՝ եթե դու ունես խնդիր, ապա պետք է նստես եւ քննարկես բարդ եւ պարզ խնդիրները, որ լուծումներ ստանաս, եթե չես քննարկում, կնշանակի՝ քեզ ձեռնտու է այդ խնդիրների առկայությունը, ինչը, ըստ էության, խոսում է այն մասին, որ այս իշխանություններին ձեռնտու է առկախված պահել խնդիրները, որոնք ձեւավորվել են արտաքին արեւելյան ճակատում, եւ, այո, մեկ-երկու հայտարարությամբ իրավիճակ չի թոթափվում, խնդիրը ռուսամետ, արեւմտամետ քաղաքականության մասին չէ, խնդիրն անկայուն քաղաքականության հետեւանքներով ստեղծված իրավիճակի մասին է, որը չեմ կարծում, թե էականորեն կարող է փոխվել»»։