Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցնող տարում Հայաստանի տնտեսական ոլորտի ցուցանիշները որոշակի միտումներ են նախանշում։ Չնայած տնտեսական բարձր աճին՝ ուրվագծվում են նաև լուրջ ռիսկեր։ Panorama.am-ը Հայաստանի տնտեսությունում արձանագրված հատկանշական միտումների շուրջ զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
«Այս պահին մենք ունենք ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը կազմում է 9.4 %, ինչը պլանավորվածից ավելի բարձր է։ Հիշեցնեմ, որ պետական բյուջեով նախատեսել ենք 7 % տնտեսական աճ։ Մենք կարող ենք արձանագրել, որ այս տարի, մեծ հավանականությամբ, ՀՆԱ-ի աճը կկազմի 9-10 %-ի շրջանակներում։ Սա բավականին մեծ ցուցանիշ է, հաշվի առնելով նախորդ տարվա 12.6 %-անոց ՀՆԱ-ի աճը։ Այսինքը՝ մենք աճի վրա աճ ենք գրանցում։
Եթե դիտարկենք այս աճն ապահովող գործոնները, ապա պետք է արձանագրենք, որ այն հիմնականում եղել է շինարարության ոլորտի՝ 15.6 %, առևտրի՝ 24.3 % և ծառայության՝ 11.1 % հաշվին։ Ուշագրավ է, որ հիմնական ճյուղերը՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը շատ համեստ՝ 2-3 % աճ են ապահովել այս 11 ամիսների ընթացքում, ինչը խոսում է այն մասին, որ արձանագրվող տնտեսական աճը ներքին գործոններով պայմանավորված չէ։
Գյուղատնտեսությունը, որը պարենային անվտանգության, ինքնաբավության կարևոր գործոն է հանդիսանում, շատ համեստ աճ է գրանցել, գրեթե 0-ական։ Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա բացառությամբ նոյեմբերի, այն վերջին 4 ամիսներին անկում է գրանցել։ Նոյեմբերին մենք ունեցել ենք արդյունաբերության կտրուկ աճ 23.8 %, ինչը պայմանավորված է արտաքին գործոններով։ Մանսավորապես ոսկու մեծ քանակություն է եկել Հայաստան, վերամշակվել ու արտահանվել, ինչը ապահովել է նոյեմբերի 23.8 % աճը, այն դեպքում, երբ սեպտեմբեր, օգոստոս, հուլիս և հունից ամիսներին արդյունաբերության ոլորտում անկում է գրանցվել։
Եթե նայենք արդյունաբերության ոլորտի կառուցվածքը, ապա կտեսնենք, որ անկում ունենք Հյաստանի համար այցեքարտ համարվող այնպիսի ոլորտներում, ինչպիսին է սննդի, մասնավորապես՝ մսամթերքի, կաթնամթերքի արդյունաբերություններում։ Անկում ուենենք նաև օղու և կոնյակի արտադրության ոլորտում։ Այստեղ աճն ապահովել է հիմնականում ոսկերչությունը և սիգարետի արտադրությունը։
Տնտեսական նման աճն էլ ավելիր է մեծացրել Հայաստանի տնտեսական կախվածությունն արտաքին գործոններից, ինչը մի կողմից լավ է՝ ունենում ենք կարճաժամկետ դրամական օգուտ, շահույթ, եկամուտ, մյուս կողմից էլ, երբ այս գործոնները վերանան, մենք ունենալու ենք մեծ անկում։ Այդպես եղավ 2007-08 թվականներին, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամը եկավ Հայաստան, ֆինանսների հոսքը դադարեց և 14.4 % անկում ունեցանք։ Մեր օրերում արդեն դրամական հոսքի կրճատման հետևանքով, այս անգամ անկումն էլ ավելի մեծ է լինելու։
Այս տնտեսական աճը լրացուցիչ ռիսկեր է ստեղծել պատժամիջոցների հետ կապված։ Մասնավորապես ոսկու պարագայում, նույն ռուսական ոսկին գտնվում է պատժամիջոցների տակ, այսինքը այն իրավաբանական, ֆիզիկական անձինք, որոնք ոսկի են ձեռք բերում, կարող են գտնվել արևմտյան պատժամիջոցների տակ։
Այս տարի Հայաստանը դարձել է ռուսական ոսկու վերաարտհանող երկիր։ Իրավիճակը փրկում է այն, որ Հայաստանն այս պահին պրոարևմտյան քաղաքականություն է վարում և արևմտյան երկրներն իրենց քաղաքական առաջնահերթություններից ելնելով, աչք են փակում այդ հանգամանքի վրա և թույլ են տալիս, որ Հայաստանը փող աշխատի։ Ստացվում է մի իրավիճակ, որ Ռուսաստանին ձեռք է տալիս, որ իր ոսկին ստացվում է Հայաստանի միջոցով արտահանել և իրացնել, Արևմուտքին էլ քաղաքական առումով ձեռք է տալիս, որ Հայաստանը պրոարևմտյան քաղաքականություն վարի և այս համատեքստում կարելի է ասել, որ մենք որոշակի տնտեսական էֆեկտ ունենք։
Ռուսաստանից տրասֆերտները կրկին մեծ քանակությամբ գալիս են Հայաստան։ Այստեղ ևս ունենք աճ, բայց արտահոսքն էլ ավելի է արագացել՝ անցած տարվա համեմատ գումարներն ավելի շատ են արտահոսում Հայաստանից»,-ասաց Սուրեն Պարսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսաձայնագրությունում։