Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է որոշակիացնել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չափերը: Մասնավորապես` նախատեսվող փոփոխությամբ՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չափերը (զգալի, խոշոր, առանձնապես խոշոր և այլն) կսահմանվեն թվերով (հնգապատիկ, հիսնապատիկ և այլն)՝ հոգեներգործության աստիճանը որոշելիս սխալները նվազագույնի հասցնելու համար:
Նախագիծը ներկայացնող` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի խոսքով՝ այս նախագծով որոշակիացվում է «փոքր» կամ «նվազագույն» շեմը, ինչը չի ազդի իրավական կարգավորումների վրա: «Կոպիտ ասած` կես կամ մեկ միլիգրամը չի ազդի մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ եթե անձը, օրինակ, գերազանցել է սահմանված նվազագույն շեմի քսանհինգապատիկը, խոսք կգնա նրան լուրջ պատասխանատվության ենթարկելու մասին»,- ասաց փոխոստիկանապետը:
Ըստ նրա` «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» նախագծում սահմանվելու է, որ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մանր չափեր են համարվելու անսովոր գործածողների, այսինքն` թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր չգործածող, 18 տարին լրացած, գործնականում առողջ, այսինքն` միջին վիճակագրական անձի օրգանիզմի վրա հոգեներգործության ազդեցություն թողնելու համար բավարար թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նվազագույն չափերից մինչև դրանց հնգապատիկը ներառող չափերը:
Վարդան Եղիազարյանի խոսքով՝ նախագծում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չափերը սահմանելիս հաշվի են առել նաև այն հանգամանքը, որ թմրամիջոցների միևնույն չափը կարող է իր ազդեցությունն ունենալ տարբեր մարդկանց վրա:
Այս կապակցությամբ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ նախագծով առաջարկվող «հոգեներգործության չափը» եզրույթն անորոշ է: «Ինչպե՞ս կարելի է որոշել հոգեներգործության չափը, սա բարդագույն խնդիր է, տեխնիկական որևէ հնարավորություն չկա, որը թույլ կտա չափել դա»,- ասաց նա՝ հավելելով, որ թմրանյութ կամ հոգեմետ նյութեր գործածելն արդեն իսկ պատժելի արարք է:
Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ պատգամավորը կարող է մինչև նախգծի երկրորդ ընթերցումն իր առաջարկությունները ներկայացնել: Նա տեղեկացրեց, որ փոփոխություն է նախատեսվում կատարել նաև ՀՀ քրեական օրենսգրքում: Մասնավորապես` ներկայումս ՀՀ ՔՕ 273-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում թմրամիջոցներ և այլ նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու համար, սակայն համապատասխան գործողությունների իրականացման կարգ սահմանված չէ:
«Վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրորեն կարգավորված չէ համապատասխան բույսերը ցանելու կամ աճեցնելու կարգը»,-նշեց նա` տեղեկացնելով, որ առաջարկվել է հոդվածի վերնագրից հանել «ապօրինի» բառը, իսկ «մշակում» բառը փոխարինել «շրջանառությունն արգելող» բառերով:
Փոխոստիկանապետը նշեց, որ այս խնդրին դեռևս 2015-ին անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանը` իր նախադեպային որոշմամբ: