կարևոր
3922 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-29 17:36
Քաղաքական

Պետք է Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի ցեղասպան արարքների համար. Եղիսաբեթ Չուլջյան

Սեպտեմբերի 19-ին և 20-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլ Հիլում կհավաքվեն հազարավոր հայ ակտիվիստներ ԱՄՆ տարբեր նահանգներից՝ «Հաշվետվություն-2024» խորագրով միջոցառումներին մասնակցելու համար։ Հավաքը, որ նախաձեռնել են ԱՄՆ հայ դատի գրասենյակները, նպատակ է հետապնդում ևս մեկ անգամ բարձրաձայնել 2020-2023 թթ. Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտման փաստը և հաշվետվություն պահանջել ԱՄՆ իշխանություններից։

Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի մամուլի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը Alpha News-ին մանրամասներ է ներկայացրել։

«Սա հաշվետվության ձեռնարկ է։ Թեև ԱՄՆ-ը խոստացել էր՝ ամեն ինչ անելու է, որ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունները չկրկնվեն արցախցիների դեմ, բայց, ցավոք, մենք այդ բոլոր խոստումների պատասխանը ստացանք։ Մենք տեսանք, թե ինչ արեց Ալիևը վերջին տարիներին արցախցիների հետ՝ հարձակումներ, 120․000 մարդու տեղահանում սեփական տնից։ Սա առիթ է և պետք է 4 կողմից ամերիկահայ գաղութականներն ու զորակցողները գան Վաշինգտոն՝ կոնգրեսականների հետ հանդիպելու, և ևս մեկ անգամ պահանջեն, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն իրենց ցեղասպան արարքների համար։ Պետք է կենտրոնանալ, որ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակությունը կրճատվի, նաև հատուկ պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի կառավարության այն դեմքերի դեմ, որոնք դաժան գործողություններ են իրականացրել արցախցիների նկատմամբ։ Մեր գաղութականներն այդ օրերին պետք է իրենց առաջնորդների հետ լայնածավալ հանդիպումներ ունենան կոնգրեսականների հետ։ Միտքն այն է, որ կարողանանք հաշվետվության բանաձևերը ամեն կերպ դնել քվեարկության»,- ասաց Չուլջյանը։

Անդրադառնալով ԱՄՆ առաջիկա ընտրություններին՝ նա նշեց․

«Թե՛ Թրամփի, թե՛ Քամալա Հարիսի պաշտոնավարման ընթացքում անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել Արցախի ցեղասպանությունը դադարեցնելու համար։ Ընդհակառակը՝ Թրամփի ղեկավարության ընթացքում տեսանք, որ 120 մլն-ից ավելի օժանդակություն է ուղարկվել Ադրբեջան, և անշուշտ նախագահ Բայդենի և Հարիսի վարչակազմի ընթացքում տեսանք ցեղասպանական արարքներ, որոնց դեմ որևէ մեկը հստակ քայլ չի ձեռնարկել մինչ օրս։ Շրջափակման 10 ամիսների ընթացքում տեսանք, որ այս երկուսի վարչակազմը 1 լումա չուղարկեց Արցախ՝ օժանդակելու շրջափակման մեջ գտնվող 120․000 մարդու։ Բայց հիմա՝ մինչ ընտրությունը, պետք է յուրաքանչյուր թեկնածու հստակ քայլեր ձեռնարկի ինչպես Արցախի հարցի շուրջ, այնպես էլ հայկական շատ այլ հարցերի վերաբերյալ»,- եզրափակեց Չուլջյանը։