կարևոր
265 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-04 17:57
Իրավական

Պատգամավորին մերժողը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի․ փաստաբանը` ԱԳՆ֊ի վարքագծի մասին

 «Դատարանից սպասելիքները համապատասխանում են հայցադիմումին։ Ինչ հայցադիմում ներկայացրել ենք, ինչպիսի պահանջ ներկայացրել ենք, սպասում ենք պահանջի բավարարմանը։ Իսկ պահանջի բավարարումը նշանակում է, որ ճանաչվում է, որ նման գործելակերպն իրավաչափ չէ»,- ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների բողոքի քննությունից հետո, դատարանի բակում  լրագրողներին ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
 

Նշենք, որ Վարչական դատարանում այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի և Գեղամ Մանուկյանի բողոքի քննությունը։ Այս հայցով պատգամավորները պահանջում են ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով իրենց արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
 

Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ պատգամավորն այս դեպքում նաև լրացուցիչ ինֆորմացիա ստանալու իրավունք ունի, որը պետական գաղտնիքն է։
 

«Ես այն կարծիքին եմ, որ ցանկացած պաշտոնատար անձ, ով պատգամավորին մերժում է, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Բայց դա չի բացառում նաև այս՝ վարչական դատարանի գործիքի օգտագործումը»,- ասաց նա։ Փաստաբանը  նշեց, որ այս ընթացքում պատգամավորները դարձյալ կդիմեն ԱԳՆ՝ տեղեկատվություն ստանալու։ Համապատասխան վերաբերմունքի դեպքում նաև քրեական գործիքակազմը կփորձեն աշխատեցնել։