Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հնչեցրեց մի քանի կարևոր հանձնարարականներ, որոնք բխում են կառավարության ծրագրից՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Հանձնարարություններից մեկն ուղղված էր արդարադատության նախարարին` ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ:
«Այն դեպքերում, երբ պաշտոնյայի ակտիվների աճը էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով արդարադատության նախարարին` երկու շաբաթվա ընթացքում կառավարությանը ներկայացնել ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ օրենքի նախագիծը: Նախագծի հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառնությունները սահմանափակող օրինագիծ:
«Այսպես կոչված` կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով՝ գործընթացը դարձնելով սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ` արդյո՞ք հայտարարագիր ներկայացրածը իրականում ստացել է այդ փոխառությունը, թե՞ ոչ»,- ասաց վարչապետը՝ հանձնարարելով արդարադատության նախարարին` ԿԲ-ի հետ համատեղ երկու շաբաթվա ընթացքում կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառնությունների սահմանափակման օրենքի նախագիծը:
Մյուս հանձնարարականը վերաբերում էր հակակոռուպցիոն մարմնի աշխատանքների կատարելագործմանը, այն է՝ ընդլայնել բարձր պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները՝ սահմանելով թե' կրթական, թե' կոռուպցիայի կանխարգելման գործառույթներ: Անհրաժեշտ է կոռուպցիոն գործարքների դեմ պայքարող իրավապահ մարմինների աշխատանքները դարձնել առավել հաշվետվողական, և, ըստ վարչապետի, պետք է օրենքով սահմանել պահանջ, որ այդ մարմինները կոռուպցիայի դեմ կատարած յուրաքանչյուր քայլի մասին հանրային հաշվետվություն ներկայացնեն:
Վարչապետը հանձնարարեց անդրադառնալ հայտարարագիր ներկայացրած անձանց: Ըստ նրա` կան անձինք, ովքեր հայտարարագիր չեն ներկայացնում, բայց ընդգրկված են խոշոր պետական գնումների կամ այլ կոռուպցիոն ռիսկեր ներկայացնող գործունեության մեջ: Հանձնարարվեց արդարադատության նախարարին`երեք շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկություն հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակն ընդլայնելու վերաբերյալ: