Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդը» գրում է.«Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում միանգամից 3 հողահատկացում է արվել, և հիմա ընթանում են շինարարական աշխատանքներ: Հատկացված հողատարածքները մայթերի հաշվին են, և իրականացվող շինարարությունն էլ խոչընդոտում է հետիոտներին: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց ուղղեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե
1. Ե՞րբ և ո՞ւմ կողմից է տրվել հողահատկացման թույլտվությունը:
2. Ե՞րբ է կայացել հողահատկացման մրցույթը, և ի՞նչ արժեքով են ձեռք բերել տարածքները (առանձին-առանձին):
3.Ո՞ւմ են տրվել մայթեզրյա հատվածները՝ անուն, ազգանուն, հասցե:
4. Օրենքի ո՞ր կետով է հողահատկացման օրինականությունը հիմնավորվել:
5. Քանի՞ ծառ է հատվել և ում կողմից:
6. Ծառահատում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ:
7. Արդյո՞ք ծրագրված է այդ փողոցում էլի հողահատկացում անել, և ո՞ր հատվածներն են դրանք:
Պարզ պատասխաններ ակնկալող այս հարցերին Երևանի քաղաքապետարանից ուղարկել են կիսատ-պռատ պատասխաններ՝ միայն հավաստիացնելով, որ նշված ծառերը չեն հատվել: Ստորև ներկայացնում ենք ստացված պաշտոնական պատասխանը՝ առանց կրճատումների.
«Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ Անդրանիկի փողոցի հ.79/6 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար առկա է 21.08.2017թ. կառուցապատող Լիան Ալեքսանյանին տրված հ.01/18-Ա-5908-743, Անդրանիկի փողոցի հ.110/2 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար՝ 22.08/2017թ. կառուցապատող Վարսենիկ Սիմոնյանին տրված հ.01/18-Ս-4234-755 և Անդրանիկի փողոցի հ.94/3 և 94/4 հասցեներում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար՝ 13.09.2017թ. կառուցապատողներ Գենադի Հակոբջանյանին և Սարգիս Ոսկանյանին տրված հ.01/18-Ա-597-841 շինարարության թույլտվությունները»:
Թե ինչի հիման վրա են հատկացվել թույլտվությունները, օրենքի որ կետով են մայթերը դարձել մի քանի հոգու սեփականություն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը հարկ չի համարել մանրամասնել: Միայն նշել է, թե «Վերը նշված հասցեներում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները տրամադրվել են գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան»: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից Հայկ Ասատրյանը շտապել է հայտնել, որ «Մրցույթով տրամադրված հողամասերում ծառեր առկա չեն եղել, և ծառահատում չի իրականացվել»: Նկատեցի՞ք: Քաղաքապետարանի պաշտոնյան այդպես էլ չի մանրամասնել, թե երբ է կայացել մրցույթը, ովքեր են մասնակցել դրան, և ամենակարևորը՝ ինչ արժեքով են մարդիկ մայթերի սեփականատեր դարձել: Նա միայն հայտնել է, թե ծառահատում չի եղել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: