կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-25 16:38
Քաղաքական

Տարոն Մարգարյանը Երեւանի սիրահարն է. Հրայր Թովմասյան

Տարոն Մարգարյանը Երեւանի սիրահարն է. Հրայր Թովմասյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար շատ բարդ է եղել հասարակական տրանսպորտը 50 դրամով թանկացնելու որոշումն ընդունելը:

 

«Ցանկացած մարդու համար սակագին բարձրացնելու որոշումը բարդ է: Բայց կա երկու խնդիր, եւ մենք պետք է դրանց պատասխանը տանք: Եթե սակագները բարձրացվել են բացառապես այն նպատակով, որ որոշ մարդիկ հարստանան կամ ավելի շատ հարստանան, ապա ես Ձեզ վստահեցնում եմ, որ կառավարության ցանկացած անդամ դրան դեմ է լինելու: Բայց եթե խնդիրը դիտյում ենք այլ հարթության վրա, Երեւան քաղաքը օրեցօր ինչ-որ աստիճանով բարձրանում է, բայց մեր տրանսպորտը դրան համահունչ չի բարձրանում: Որքան ճանաչում եմ Երեւանի քաղաքապետին, ես ձեզ վստահեցնում եմ, որ լուծումներ լինելու են: Այսօր տեղի է ունենում քաղաքացիական հասարակության ընդվզում, ինչը այս կառավարության եւ այս իշխանությունների ձեռքբերումն է եւ իրենց քաղաքականության արդյունքը, եւ սա չի կարող իր արդյունքը չտալ»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը եւ վստահեցրեց, որ մինչեւ օրվա վերջը Երեւանի քաղաքապետը տալու է որոշակի լուծումներ:

 

«Միգուցե հստակ հաշվարկված չէր կամ անտեսված էր այն խնդիրը, որ մենք ունենք սոցիալական խոցելի խմբեր, հաշմանդամներ, ուսանողներ, երեխաներ, եւ գուցե պետք էր տարբերակված մոտեցում լիներ, գուցե պետք էր, որ այն մարդը, որը պատրաստ է վճարել 150 դրամ, այո, վճարի` իր ուղեղում ունենալով, որ ինքը նաեւ վճարում է 100 դրամ վճարողի փոխարեն»,- նշեց նա:

 

Այս ամբողջ գործընթացների մեջ Հրայր Թովմասյանը մի շարք դրական բաներ է նկատել` կարեկցանքը, դիմացինին հասնելը: Նա ընդգծեց, որ դերասաններն այս դեպքում դերասանություն չէին անում եւ, իրոք, անում էին, այն ինչ իրենց սիրտն էր թելադրում:

 

Արդարադատության նախարարը հայտարարեց, որ անձնական մեքենա չունի, ծառայողական մեքենայով էլ մարդկանց անվճար տեղափոխելը ճիշտ չէր ընկալվի:

 

Լրագրողների այն դիտարկմանը, որ ինչո՞ւ էր ընդամենը մի քանի ամիս առաջ Տարոն Մարգարյանը հայտարարում, որ տրանսպորտը մոտ ապագայում չի թանկանալու, եւ որ մեր քաղաքացիները կարող են հանգիստ լինել, արդարադատության նախարարը անսպասելի պատասխան տվեց: Նա հայտարարեց, որ Տարոն Մարգարյանը չի ասել, թե 2013թ.-ի ընթացքում տրանսպորտը չի թանկանալու:

 

Լրագրողների դիտարկմանը, որ Տարոն Մարգարյանի խոսքերի տեսանյութն անգամ կա, նախարարը արձագանքեց, որ պատրաստ է ներողություն խնդրել, եթե այդ տեսանյութն իրեն ցույց տան: Հրայր Թովմասյանը հայտարարեց նաեւ, որ Տարոն Մարգարյանը Երեւանի սիրահարն է:

 

Նախարարը նաեւ ընդգծեց, որ 100 դրամ ուղեվարձ տվող ուղեւորները անօրինական չեն վարվում: