կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-23 14:45
Հասարակություն

7000 կամ 3000 դոլարի չափով կրթաթոշակներ՝ բնական գիտությամբ զբաղվող ուսանողների համար

7000 կամ 3000 դոլարի չափով կրթաթոշակներ՝ բնական գիտությամբ զբաղվող ուսանողների համար

2018-ին 40 ուսանող, ընդհանուր առմամբ, 200 000 դոլարի չափով կրթաթոշակ կստանա՝ բնական գիտությունների /ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն և քիմիա / ոլորտում կամ ճարտարագիտական բնագավառում գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու նպատակով ՀՀ բուհերում հետազոտական աշխատանք կատարելու համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ ԿԳ նախարաև Լևոն Մկրտչյանն ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը՝ ներկայացնելով ծրագրի մանրամասները:

ԿԳ նախարարը նշեց, որ ծրագրի կյանքի կոչումից հետո առաջիկայում կունենանք բեկումնային իրավիճակ՝ բարձրագույն կրթության որակի առումով՝ կրթություն-գիտություն կապի ամրապնդման շնորհիվ: Մկրտչյանի խոսքով՝  կկարողանան գիտությամբ զբաղվող ուսանողներին ապահովել անհրաժեշտ հենքով: «Խոսքը վերաբերում է կրթաթոշակներ տրամադրելուն, որակավորումը բարձրացնելուն, ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելուն: Սա ընդամենը առաջին քայլն է: Օրուջյանը շատ փորձառու է՝ միջազգային ամենակարևոր կազմակերպություններում մեծ փորձ ունի և, ամենակարևորը, բարձր վստահություն ունի ոչ միայն մեզ մոտ, այլ նաև միջազգային շրջանակներում: Այնպես որ` եթե շարունակենք և կարողանանք ծրագրերը քայլ առ քայլ իրականացնել, երիտասարդների շրջանում կլինի գիտությամբ զբաղվելու մոտիվացիա»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ն այլընտրանք չունի, մենք պարտավոր ենք պաշտպանել ու պահպանել մեր՝ իբրև գիտական տարածք լինելու կարգավիճակը: Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ  «Հորիզոն 2020»-ի շրջանակում էլ մեծ հաջողություն են գրանցել՝ 98 մլրդ եվրո է առանձնացվելու Արևելյան գործընկերության 6 երկրների համար և առանձին մրցույթ է լինելու կոորդինատորի կարգավիճակ ունեցող երկրների համար, իսկ Հայաստանն ունի այդ կարգավիճակը: Սա, ըստ նախարարի, նշանակում է, որ մեր գիտնականներն արդեն ունենում են լուրջ մի հարթակ, որտեղ մրցունակ են լինելու և մրցակցելու են հավասար պայմաններում: «Մենք պետք է այս ծրագրերում նաև մեր Սփյուռքի գիտական ներուժն օգտագործենք. դուք չեք պատկերացնի՝ ինչ հզոր գիտական ներուժ կա Սփյուռքում և այդ ներուժը գումարով չափելի չէ: Սակայն, մյուս կողմից, մենք էլ պետք է համապատասխան ենթակառուցվածքները ստեղծենք, որպեսզի երկիրը պատրաստ լինի նման գիտական ներուժն ընդունելու: Կարևոր է միջավայրի ձևավորումը՝ Հայաստանում գիտակրթական էկոհամակարգի ստեղծման խնդիր ունենք»,-ասաց նախարարը:

Օրուջյանն էլ տեղեկացրեց, որ FAST-ը հարթակ է, որն օգնում է մեկտեղել մարդկանց: Նրա հավաստմամբ՝  2018-ին 5 ամբողջական կրթաթոշակ կտրամադրվի՝ 7000 դոլարի չափով, 25 մասնակի կրթաթոշակ՝ 3500 դոլարի չափով, և 10 ամբողջական կրթաթոշակ՝ կրկին 7000 դոլարի չափով՝ կին ասպիրանտների և հայցորդների համար: «Մենք ուզում ենք սրանով մի միտք հաղորդել գիտությամբ զբաղվողներին՝ ինչպես իրենք, այնպես էլ մենք, կարևորում ենք գիտությունը և ուզում, որ իրենք միայն գիտական բացահայտումներով զբաղվեն և ստիպված չլինեն այլ աշխատանք փնտրել՝ ինչ-որ ծախսեր հոգալու համար: Խորապես հավատացած ենք, որ Հայաստանը՝ որպես պետություն, մենք՝ որպես ազգ, կկարողանանք հաջողության հասնել ու մրցել համաշխարհային մասշտաբով միայն այն ժամանակ, երբ մեր քաղաքացիների 100 տոկոսին ընձեռվի գիտությամբ զբաղվելու հնարավորություն»,- ասաց Օրուջյանը:

Նրա խոսքով՝ մինչ ծրագիրը կյանքի կոչելը` իրենք ուսումնասիրել են Հայաստանի էկոհամակարգը, և իրենց քայլերն արվելու են՝ մեր միջավայրի առանձնահատկությունները հաշվի առնելով, այսինքն՝ խնդիրներին ստանդարտ լուծումներ չեն տրվելու: «Մենք կարոտախտից դրդված չէ, որ եկել ենք Հայաստան ու ուզում ենք Հայաստանի համար մի լավ բան անել, ոչ, մենք զգում ենք, որ հիմա է ժամանակն ինչ-որ բան սկսելու, փոխելու, և Հայաստանն ունի այդ ներուժը: Ես վստահ եմ՝ Հայաստանը կարող է մրցունակ լինել, բայց ոչ թե միայն տարածաշրջանում, այլև աշխարհում»,- նշեց Օրուջյանը:

Ի դեպ, կրթաթոշակի ծրագիրը նախատեսված է 2018-ի համար, և հայտերը կընդունվեն 2018-ի հունվարից: