Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայբուսակ» համալսարանում սովորող ուսանողները, ովքեր ծառայել են Հայոց բանակում կամ պատրաստվում են զորակոչվել, կստանան կրթաթոշակներ: Օրեր առաջ «Հայբուսակ» համալսարանում 130 ուսանող ստացել է կրթաթոշակի իրավունքից օգտվելու վկայական:
Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կան ուսանողներ, որոնց կրթաթոշակն ամբողջությամբ ծածկում է ուսման վարձը, իսկ մյուսներն օգտվում են մինչև 50 տոկոս` ուսման վարձի զեղչից: Նրա խոսքով՝ կրթաթոշակն ուսանողները ստանալու են ամեն տարի՝ անկախ առաջադիմությունից:
«Ստացվում է՝ բուհում սովորող բոլոր տղաներն էլ ստանում են կրթաթոշակներ, եզակի դեպքեր կան, երբ տղան չի ծառայել բանակում առողջական խնդիրների պատճառով, և, բնականաբար, օտարերկրացի ուսանողները չեն օգտվում դրանից: Կրթաթոշակի չափը պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ որտեղ է ծառայել երիտասարդը, ինչ խրախուսական պատվագրեր ունի կամ չունի»,-ասաց Հարությունյանը:
Ուշագրավ է, որ կրթաթոշակի վկայական են ստանում նաև նրանք, ովքեր նոր պետք է զորակոչվեն ծառայության: Սա, ըստ Հարությունյանի, նաև երաշխիք է, որ ծառայելուց հետո բուհն աջակցելու է նրանց: «Սա բուհի նախաձեռնությունն է, կրթաթոշակն ուսանողներին բուհի հիմնադիրների խորհուրդն է տրամադրում: Կարծում եմ՝ այս ճանապարհով պետք է գնան նաև պետական բուհերը՝ հնարավորության սահմաններում տրամադրելով կրթաթոշակներ: Պետք է կամաց-կամաց հասնել նրան, որ ուսանողն ամենավերջում մտածի իր ուսման վարձի մասին»,- ասաց նա:
Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ «Հայբուսակը» համագործակցում է նաև հասարակական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների հետ, որպեսզի այլ ուսանողներ էլ կարողանան որոշակի կրթաթոշակ ստանալ: Ըստ նրա՝ արդեն իսկ կորեական և իսպանական միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ որոշ ուսանողներ ստանում են կրթաթոշակներ. մի դեպքում հաշվի են առնվում ուսանողի առաջադիմությունն ու սահմանամերձ համայնքում ապրելը, մյուս դեպքում կրթաթոշակը տրամադրվում է այս կամ այն ուսանողին բուհի հայեցողությամբ: