Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տարկետման համար պայքարող և դասադուլ անող ուսանողներից մի քանիսին ընդունեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Հանդիպմանը ներկա էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Զրույցի սկզբում վարչապետը նշեց, որ ուսանողությանը մեծ հարգանքով է վերաբերում` նրանց համարելով երկրի ամենահեռանկարային ուժը: Վարչապետը խնդրեց խոսել ոչ էմոցիոնալ, ոչ պոպուլիստական ու միայն` առարկայական:
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե ինչ երկրում է ապրում, ինչ պարտավորություններ ունի, որպես քաղաքացի, ինչ մարտահրավերներ ունենք: Մենք բոլորս համոզված ենք, մեր երկիրը ապագա չունի, եթե ինտելեկտուալ ուժ չունի: Եթե մենք խելոք չլինենք, լավ ապագա չենք կարող ունենալ: Եվ մենք կշռադատել, հաշվարկել ենք բոլոր այն քայլերը, որոնք կարող են վնասել դրան: Այնպես չի, որ դուք ավելի անհանգիստ եք երկրի վաղվա օրվա համար, քան մենք»,- ասաց վարչապետը` հավելելով, որ կարելի է նաև դիտարկել այն երկրների օրինակները, որոնք մեր երկրի նման են:
Վարչապետի խոսքով` ասպիրանտուրա ավարտած մարդկանց միայն 15 տոկոսն է մնում գիտության մեջ:Եվ չի բացառվում, որ մնացած` 85 տոկոսի մեջ լինեն բանակից խուսափողներ: Կարեն Կարապետյանի խոսքով` մեր ամենահզոր կառույցներից մեկը բանակն է, որը տնտեսության, ռազմական արդյունաբերության, նաև գիտության ու կրթության զարգացմանը որոշակի խթան կարող է հաղորդել:
«Տարկետում կա, այն ավելի հստակեցվում է: Մենք փորձում ենք խաղի կանոնները դնել այնպես, որ բոլորի համար հավասար դաշտ ստեղծվի: Տալիս ենք նաև մի քանի այլընտրանքային ուղիներ, որի պարագայում այն մարդը, ով ուզում է գիտությամբ զբաղվել,նա դրա հնարավորությունը կունենա, երաշխավորված աշխատատեղ կունենա: Ուրեմն եկեք ռացիոնալ մտածել, մի պահ փորձենք այդ համոզմունքից դուրս գալ, թե այն, ինչ արվում է` պարկեշտ, լավ քաղաքացի ձևավորելուն դեմ է կամ նրա լավ ապագային ուղղված հարված է: Մենք ապրելու ենք մի միջավայրում, որը մեզ պարտադրելու է լինել անվտանգ, և եթե մենք չենք կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, լավագույն գիտնականը, ինժեները, տնտեսագետը չեն կարողանալու կիրառական արդյունք ապահովել»,- ասաց վարչապետը: