կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-10 15:58
Իրավական

Վիճակախաղերն արգելող օրինագծի հարցով պատգամավորները կոնսենսուսի չեկան

Վիճակախաղերն արգելող օրինագծի  հարցով պատգամավորները կոնսենսուսի չեկան

Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծն այսօր քննարկվում էր խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:

Նախագծի հիմնական զեկուցողը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էր: Հանձնաժողովականների մեծամասնությունը դեմ էր պատգամավորների առաջարկած փոփոխություններին:

«Այս պահին օրենքն այս տեսքով ընդունելով՝ խաղամոլությանը լուծում չենք տալիս:  Տարածքային բուքմեյքերական  գրասենյակների փակումը ոչ մի խնդիր չի լուծելու, քանի որ օնլայն տիրույթում որևէ սահմանափակում չի լինելու, դաշտը մոնոպոլիզացվելու է, նաև հարկեր չեն լինելու, և պետությունը դրանից վնաս է կրելու»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

«Իմ քայլ»-ից Հայկ Գևորգյանն էլ հավելեց, որ իր համար ընդունելի է ընդդիմադիր գործընկերների (ԼՀԿ-ի) առաջարկն առ այն, որ ամեն մարզում գոնե մեկական պետք է թողնել:

Ալեն Սիմոնյանը շարունակեց պնդել. «Օրենքի ընդունումն անհրաժեշտ է, և սկզբունքն այն է, որ եթե կարող ենք որոշ մասով խնդիր լուծել, ապա ինչո՞ւ չլուծենք»:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ առաջարկեց նախագծի քվեարկությունը հետաձգել: «Կոնկրետ առաջարկներից մեկի մասով կա ընդհանուր մոտեցում. գազալցակայաններում գործող վիճակախաղերը պետք է փակվեն: Բայց առաջարկում եմ որոշ ժամանակ անց նորից քննարկել հարցը»,- նշեց նա:

Առաջարկն ընդունվեց, թեև նիստի ավարտից հետո պատգամավորների վիճաբանությունը շարունակվում էր:

Ի դեպ, օրինագծի հեղինակներն այդպես էլ չհամակերպվեցին դրան դրական եզրակացություն չտալու հետ: «Եթե չանցկացվեց, ես այս օրենքը բերելու եմ այնքան, մինչև անցկացվի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին` պատգամավոր Սիփան Փաշինյանը: