կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-05 16:55
Քաղաքական

Երկու մեծ մարդիկ խոսել են. Շարմազանովը` Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպի մասին

Երկու մեծ մարդիկ խոսել են. Շարմազանովը` Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպի մասին

Այսօր խորհրդարանում Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել են և' Փաշինյանի, և' Գեղամյանի հետ:

Նշենք, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Շարմազանովը հայտարարել է, թե օրենսդրական նախաձեռնության համար են հանդիպել, այլ ոչ թե միջադեպի, ինչը հարուցել է Վահրամ Բաղդասարյանի ծիծաղը: Իսկ ահա Գեղամյանի հետ հանդիպումից հետո Շարմազանովը չհերքեց, որ միջադեպի մասին են խոսել:

Լրագրողի հարցին` Նիկոլ Փաշինյանի՞ն է հավատում, թե՞ Գեղամյանին, Շարամազովը պատասխանեց` Աստծուն:

«Զրուցել ենք թե' հարգելի պարոն Փաշինյանի հետ, թե' հարգելի պարոն Գեղամյանի հետ: Ես մի բան կարող եմ ասել իմ անունից և իմ կուսակցության անունից`  պատգամավորների կողմից ցանկացած ոչ կոռեկտ պահվածք, անձնական վիրավորանքներ, բռունցքներով հարց լուծել պառլամենտի դահլիճում, պառլամենտի դահլիճից դուրս, անկախ նրանից` որ կուսակցության անդամ են` ընդդիմադիր, թե` իշխանական, ես չեմ ընդունում, դա անթույլատրելի է»,- հայտարարեց նա:

Հարցին` հարվածե՞լ է Գեղամյանը, Շարմազանովն արձագանքեց. «Երկու պատգամավորներ, երկու մեծ մարդիկ խոսել են: Ես` որպես ԱԺ փոխնախագահ, շահագրգռված եմ, որպեսզի այսուհետ նման դեպք մեզ մոտ չկրկնվի»:

Հարցին` եթե միայն խոսել են, ի՞նչ կա դատապարտելու, Շարմազանովը ժպտալով պատասխանեց. «Եթե խոսքերը ոչ կոռեկտ բառապաշարով են, դա էլ է դատապարտելի»:

Նա չբարձրաձայնեց, թե ինչ են խոսել Գեղամյանի և Փաշինյանի հետ: «Շատ բաներ ենք խոսում մեր գործընկերների հետ, չեմ կարծում` Փաշինյանի և Գեղամյանի հետ խոսացածը պետք է հրապարակեմ»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Իսկ թե ինչպե՞ս է ստացվում, որ նման միջադեպերի կիզակետում միշտ հանրապետականներն են լինում, գերբնական ուժո՞վ են օժտված, նա նշեց, որ ՀՀԿ-ն գերբնական ուժ չունի: «ՀՀԿ-ն ունի մարդկային ուժ, որը մեր ընտրությունների ժամանակ երևում է: Նորից եմ կրկնում` պառլմենտականների կողմից պառլամենտի դահլիճում, պառլամենտի դահլիճից դուրս միմյանց նկատմամբ, լրագրողների նկատմամբ, քաղաքացիների նկատմամբ ոչ էթիկայի սահմաններում, ոչ կոռեկտ պահվածք, բռունցներով հարցեր լուծել, ինձ համար անթույլատրելի է` անկախ նրանից` հեղինակը ինչ կուսակցության անդամ է»,- ասաց Շարմազանովը: