|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև։ «Ես մասնակից չեմ եղել, չեմ տեսել, չգիտեմ ընդհանրապես ինչ է կատարվել: Ես ուղղակի խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվել»,- ասաց նա։
Մելիքյանի խոսքով` ինքը ընդամենը լսել է Նիկոլ Փաշինյանին, իսկ Արտաշես Գեղամյանի հետ չի խոսել։
«Երևույթն, իհարկե, անընդունելի է, բայց եկեք ընդունենք, որ ցանկացած խորհրդարան ապահովագրված չէ նմանատիպ դեպքերից։ Կարծում եմ` երբ արդեն կտեսնենք` ինչ է կատարվել, համապատասխան արձագանքներ կլինեն», - նշեց նա։
Դիտարկմանը` սա առաջին միջադեպը չէ խորհրդարանում, Մելիքյանը չհամաձայնեց: «Ես նման դեպք չեմ հիշում։ Քննարկման դեպքերում հնարավոր են նման միջադեպեր։ Քննարկումների ընթացքում նմանատիպ երևույթներ լինում են», - շեշտեց նա:
Իսկ թե ինչո՞ւ են միջադեպերը տեղի ունենում անկյունային հատվածներում, որտեղ տեսախցիկներ չկան, և արդյո՞ք կարիք չկա տեսախցիկների թիվն ավելացնել խորհրդարանում, պատգամավորը պատասխանեց. «Ես ճարտարապետության մեջ չգիտեմ այնպիսի երևույթներ, որ շինություններում անկյուններ չպետք է լինեն, կամ տեսախցիկները պարտադիր են ամբողջ աշխարհում»։
Հիշեցնենք, որ երբ լրագրողները գնացել էին Փաշինյանի աշխատասենյակ` միջադեպի մասին մանրամասներ իմանալու, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այնտեղ էր: