կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-06 14:23
Քաղաքական

Նույնիսկ եթե Հանրապետականը մեղավոր չէ, մենք մեզ վրա վերցնում ենք դա. Սահակյանը` Փաշինյանի և Գեղամյանի միջև վեճի մասին

Նույնիսկ եթե Հանրապետականը  մեղավոր չէ, մենք մեզ վրա վերցնում ենք դա. Սահակյանը` Փաշինյանի և Գեղամյանի միջև վեճի մասին

ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը հորդորում է մեծ նշանակություն չտալ երեկ խորհրդարանում իր կուսակից Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Խորհրդարանում մի քանի լրագրողի հետ զրույցում նա նշեց, որ աշխարհում նման բաներ շատ են տեղի ունենում:

«Աշխարհում նման միջադեպեր շատ են տեղի ունենում: Մենք պատերազմող երկիր ենք, շրջապատված ենք թշնամիներով: Ես միջադեպից տեղյակ չեմ, միայն մի քանի անգամ լսել եմ, որ Փաշինյանը փորձում է, իր պատասխանների միջոցով ձեռ առնելով, հարվածներ հասցնել Գեղամյանին: Գեղամյանն էլ ասել է, որ` իմ անվան հետ դու գործ չունես: Այսօր արդեն փարթամացրել են: Երեկ էլ ԱԺ-ում ասում էին, թե Հանրապետականը պիտի պատասխան տա: Մենք բանակների բաժանված պետություն չենք, Հանրապետական, «Ելք» և այլն: Երկու պատգամավորների մեջ խնդիր է եղել: Մեկը անպատվել է Գեղամյանին, Գեղամյանն էլ խնդրել է, որ իր անունը չտան: Չեմ գտնում, որ պետք է շատ մեծացնենք, դարձնենք` պատգամավորը պատգամավորին խորհրդարանում ծեծել է»,- ասաց Սահակյանը:

Դիտարկմանը` բացառո՞ւմ է,  որ Գեղամյանը խփել է Փաշինյանին, պատասխանեց. «Համենայն դեպս, ինքն ասում է, որ` չեմ խփել, և ինչ-որ մարդկանց անուններ են տալիս: Ես իրենցից հետաքրքրվեցի, ասացին` տենց խփելու խնդիրներ չի եղել»:

Yerkir.am-ի հարցին` նշում է, որ աշխարհում նման բաներ շատ են լինում, խորհրդարանում պատգամավորների միջև ծեծկռտուքը նորմա՞լ է, Սահակյանն արձագանքեց. «Իհարկե, ոչ միայն ծեծկռտուքը, այլև անպատիվ խոսքերն ավելի ոչ արժանավոր են պատգամավորի համար: Պատգամավորը պիտի կարողանա խոսքն այնպես կառուցել, որ իրողությունները, երևույթները կարող է քննադատել, բայց անձնապես մի պատգամավորը մյուսին պիտի չվիրավորի: Երբեմն մարդը ծեծ է ուտում, դա մեծ նշնակություն չի ունենում իր համար, բայց երբեմն մարդուն անպատվում են որոշակի խոսքերով, մարդը սկսում է շատ վատ տանել»:

Պատգամավորը նաև նշեց, որ ընդամենը պատգամավորների միջև խոսակցություն է եղել: «Ճիշտն ասած` չեմ էլ գտնում, որ դա կարելի է շատ բարձրացնել ու մեծացնել, թե պատգամավորը պատգամավորին ծեծել է: Ես խնդրում եմ դրա համար երեկոները մեկ-մեկ տարբեր կանալներով տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում»,- նշեց նա:

Yerkir.am-ի դիտարկմանը`  նման սկանդալային իրավիճակների կենտրոնում հայտնվում են հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորները, Սահակյանը պատասխանեց. «Իշխանությունը պատկանում է  Հանրապետականին, և ընդդիմությունը փորձում է այնպիսի գործողությունների ենթատեքստեր օգտագործել, որ հասարակության մեջ դա գնա էսպես, դրա պատասխանը տա Հանրապետականը: Իշխանությունը մենք ենք, իհարկե: Նման բան է տեղի ունենում, նույնիսկ եթե Հանրապետականը չի մեղավոր, մենք մեզ վրա վերցնում ենք դա: Ես էլ եմ կարծում, որ Ազգային ժողովում պետք չէ նման բաներ լիներ, բայց ԱԺ-ում եղած խնդիրները դարձնել քաղաքական մեծ տրամաչափի երևույթներ, ի՞նչ քաղաքական բան կա` մարդն անպատվել է Գեղամյանին Գեղամյանն էլ ասել է` իմ անունը մի տվեք: Էդտեղ ի՞նչ քաղաքական խնդիր պիտի լինի»: