Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անտառահատումների և գյուղացիների վառելափայտի վերաբերյալ հարց ուղղեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: Նա մասնավորապես նշեց, որ սեպտեմբերի 17-ին Երևան-Իջևան միջպետական ճանապարհը Տավուշի մարզի բնակիչները շուրջ 3,5 ժամ փակել էին` պահանջելով, որ պատկան մարմնի ներկայացուցիչները գան ու իրենց պահանջը տեղում լսեն: Սակայն, ըստ Էնֆիաջյանի, այդպես էլ այդ օրը ոչ ոք չայցելեց գյուղացիներին:
«Մեկ անգամ էլ օգոստոս ամսին է այդ ճանապարհը փակվել, որտեղ համապատասխան մարմինների ներկայացուցիչներ են հայտնվել և ասել, որ նախատեսված փաստաթղթերի համար 10 800 դրամի փոխարեն այսուհետ կվճարեն 5400 դրամ, և այդ խնդիրը չի լուծվել: Խնդրում եմ պարզաբանում մտցնել խնդրի վերաբերյալ»,- ասաց Էնֆիաջյանը` դիմելով բնապահպանության նախարարին:
Նախարարը պատասխանեց, որ հարցադրումն իրականում վերաբերում է անտահառահատումների այն հատվածին և այն ընթացքին, որը կոչվում է ապօրինի: Մինասյանը հիշեցրեց նաև, որ, նկատի առնելով գյուղացիների դժգոհությունն ու բողոքը, վարչապետի մոտ մի քանի անգամ քննարկում է կազմակերպվել: «Այն, ինչ օրինական հատումների տեսքով է, ինչը սահմանված է կառավարության որոշմամբ, գտնվում է կարգավորման նորմալ ընթացքում: 10 800 դրամը, որ ինքնապատրաստման գինն է անտառից փայտ հանելու ժամանակ,ներառում է նաև ԱԱՀ-ն, դրա արժեքը 9000 դրամ է: Իսկ 5400 դրամը վերաբերում է բացառապես «Դիլիջան» ազգային պարկի քամատապալ և ձյունակոտոր ծառահատվածներին, որը, որպես անտառում մնացած փայտ, կարող է դուրս բերվել: Ուզում եմ հիշեցնել, որ «Դիլիջան» ազգային պարկը, որպես պետության կողմից հատուկ պահպանվող տարածք, անտառահատման որևէ նորմ չունի, քվոտա չկա դրված, և ինչի մասին ձեզ հետ միասին օրենք ենք ընդունել»,- ասաց Մինասյանը:
Նա նշեց նաև, որ ինչ վերաբերում է փաստաթղթերի գինը 5400 դրամ դարձնելուն, ապա դա կնշանակի` բնակիչներին սխալ ազդակ են հաղորդում, այն է` Հայաստանում փայտը, որը չափազանց կարևոր է, շատ ցածր արժեք ունի: «Մենք այս քաղաքականության պայմաններում մարդկանց մղելու ենք, որ ապօրինի ծառահատումներն ավելի շատանան: Կառավարության որոշման համաձայն` մինչև 8 խմ անվճար վառելափայտ է տրամադրվում այն գյուղացիներին, ովքեր բնակվում են անտառամերձ մասում և դրա կարիքն ունեն: Մենք այստեղ խնդիր չունենք: Պատրաստ եմ կրկին հրավիրել քննարկումներ, ձեզ հետ ապօրինությունների դեմ պայքարելով` օրինականությունն ավելի ամրապնդենք»,- նշեց նախարարը:
Ըստ նրա` ԱԺ-ն, լրատվամիջոցներն ու այն ազնիվ քաղաքացիները, որոնք համարում են, որ պետք է պահպանել Հայաստանի անտառները, որովհետև դրանք արդյունաբերական չեն, այլ բնապահպանական ու ունեն պաշտպանական նշանակություն մեր երկրի համար, պետք է կանգնեն իրենց կողքին, որպեսզի ապօրինի ծառահատումների դեմ նորմալ պայքար գնա: «Որևէ գյուղացի խնդիր չի ունեցել անտառից իր կարիքների համար վառելափայտ դուրս բերելու մասով: Այն անձինք, ովքեր փորձում են օգտագործել սա և կազմակերպված ձևով մարդկանց հանում են փողոց, փորձում են մղել հակաօրինական գործողությունը նորմ դարձնելու ուղղությամբ: Ձեզ հետ միասին պետք է այդ մարդկանց դեմ պայքարենք: Զուգահեռաբար` մենք իրականացնում ենք բացատրական աշխատանքներ, ուժեղացրել ենք «Դիլիջան» ազգային պարկում հսկողությունը, այդ թվում` նաև փորձնական ծրագրի շրջանակում «Պանտերա» կազմակերպությունն արդեն ներգրավված է պահպանության իրականացման հարցերում: Բացի այդ` այժմ բանակցությունների մեջ ենք դրամաշնորհային մի շարք ծրագրերի հետ, որպեսզի անտառամերձ շրջաններում սոցիալ-տնտեսական ծրագրերի միջոցով մեղմենք ճնշումն անտառների վրա»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է գյուղացիների բողոքի օրն այդպես էլ պատկան մարմինների` տեղում չհայտնվելուն, ապա, ըստ Մինասյանի, այդ օրը մարզպետարաններում կազմակերպված քննարկումների ժամանակ ներկայացուցիչներ են եղել թե՛ բնապահպանության, թե՛ գյուղատնտեսության նախարարություններից և թե՛ մարզային կառույցներից: