կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-04 17:05
Քաղաքական

Շուկայի պահանջարկն է ձևավորում գինը. նախարարը` թանկացումների մասին

Շուկայի պահանջարկն է ձևավորում գինը. նախարարը` թանկացումների մասին

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում բերքատվության սակավությունը բացատրեց երաշտով և մի շարք այլ հանգամանքներով:

«Գյուղատնտեսության նախարարությունը բազմաթիվ անգամ հնչեցրել է, որ այս տարի երաշտային տարի է, չոր տարի է, կա ջրի սակավություն ոռոգման համակարգում: Ընդհանուր առմամբ, այս ամենն ազդեցություն է ունեցել բերքատվության վրա»,- ասաց նախարարը, ապա հավելեց. «Բացի դրանից` ցուրտ ձմեռ է եղել, որը նույնպես ազդեցություն է ունեցել բերքատվության վրա: Նախարարությունը մշակել է ծրագրեր, որոնք պետք է այդ բոլորը կարգավորեն, արդյունաբերությունը ապահովեն»:

Իսկ մսամթերքի, կարագի, պանրի թանկացումները, որոնք կապված են գյուղատնտեսության հետ, Առաքելյանը բացատրեց այսպես. «Շուկայի պահանջարկը ձևավորում է գինը»:

Դիտարկմանը`ստացվում է` մարդիկ միս շատ են օգտագործում, արձագանքեց, որ բոլոր դեպքերում շուկան է ձևավորում գինը, իսկ շատ ենք ուտում, թե` քիչ, ըստ նախարարի, դա ուրիշ հարց է:

Հարցին` խոշոր և մանր եղջերավորները արտահանվել են, դրա համա՞ր է մսի թանկացումը, Առաքելյանը պատասխանեց. «Չկա էդպիսի բան, գլխաքանակն այդքան չի պակասել, որպեսզի ազդի գնի վրա, կա արտահանում: Ընդամենը 12 հազար լրացուցիչ գլուխ խոշոր եղջերավոր անասուն է արտահանվել, ինչը չէր կարող ազդել մսի գնի վրա»:

Ըստ նախարարի` սակայն դա կարող էր մի իրավիճակ ստեղծել, որի արդյունքում գինը թանկանար: «Այսինքն` վաճառողը զուտ որոշեր, որ քանի որ կա պահանջարկ, բերեք գինը բարձրացնենք»,- ասաց նա:

Առաքելյանը բերեց ևս մեկ պատճառ, որը կարող էր հանգեցնել մսի թանկացման: Նախարարը նշեց, որ խոտի գինն է թանկացել 30%-ով, և դա էլ կարող էր հանգեցնել մսի գնի` 15 տոկոս թանկացման:

Ինչ վերաբերում է վարչապետի արձանագրությանը` գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել, արդյո՞ք նախարարի մեղավորությունն այդտեղ կա և կարո՞ղ է պատճառ դառնալ, որ 2018 թվականին նա այլևս նախարար չնշանակվի, Առաքելյանը նշեց, որ դա թողնում է հասարակությանը: «Թողնում եմ ձեզ` հասարակությանը, դուք գնահատեք»,- ասաց նա: