կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-17 15:00
Քաղաքական

Կաթնամթերք չենք օգտագործում, դժվարամարս է. Կովալենկո Շահգալդյանը` թանկացումների մասին

Կաթնամթերք չենք օգտագործում, դժվարամարս է. Կովալենկո Շահգալդյանը` թանկացումների մասին

Գազի հնարավոր թանկացման եւ բնակչության կենսամակարդակի վրա դրա ազդեցության վերաբերյալ Yerkir.am-ի հարցին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հրաժարվեց պատասխանել` հայտարարելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում դեռ չի կայացրել, չգիտենք, թե որքանով է այն թանկանալու:

 

«Հանձնաժողովի որոշումը կլինի, կիմանանք թանկացման չափը ինչքան է, ժողովրդից արձագանք կունենանք, այն ժամանակ էլ Ձեր հարցին կպատասխանեմ»,- հայտարարեց նա:

 

Հարցին, թե հույս ունի՞, որ գազի գինը չի բարձրանա, Շահգալդյանը պատասխանեց, որ ինքը շատ իրատեսական անձնավորություն է, հանձնաժողովի որոշումը կլինի` կտեսնենք: Մեր դիտարկմանն ի պատասխան, որ, գազի գնից զատ, արդեն որոշ ապրանքատեսակներ թանկացել են, մարզպետը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ, խանութներում շրջայց չի կատարում: Երբ մարզպետին բերեցինք թանկացած կաթնամթերքի օրինակը, նա կրկին հայտարարեց, որ տեղյակ չէ:

 

«Դեռ թանկացում չկա: Մենք կաթնամթերք չենք օգտագործում, դժվարամարս է կաթնամթերքը, կաթը շատ դժվարամարս է»,- նշեց մարզպետը:

 

Իսկ դիտարկմանը, որ իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերը չեն դադարում, Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց ծիծաղով, հետո փոքր-ինչ բորբոքված հարցրեց, թե ինչո՞ւ է մամուլն այդքան շահագրգված իր պաշտոնանկությամբ:

 

«Ես արդարամիտ մարդ եմ, մի քիչ էլ` պարզամիտ, ինչ որ մտածում եմ, ասում եմ, ու դա շատ-շատերին դուր չի գալիս: Ուրիշների պես պետք ա տողատակերով խոսեմ, շողոքորթեմ: Ես իրանց համար դժվար ոսկոր եմ, չեն կարողանում կուլ տալ»,- իր պաշտոնանկության մասին հաճախ կրկնվող լուրերն այսպես պարզաբանեց Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետը եւ հավելեց, որ արդեն 13 տարի է` գրում են, որ իրեն հանելու են: