Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանման ընթացիկ ցուցանիշները. հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Փոխնախարարը նշել է, որ արտահանման գործընթացում առկա խնդիրների և վերամշակող ընկերությունների կողմից 2015 թվականին մթերված խաղողի և կաթի դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումների ընթացքի քննարկման նպատակով 2016 թվականի մարտի 3-ին և 11-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կազմակերպվել են խորհրդակցություններ հանրապետության խաղող և կաթ մթերող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նմանատիպ խորհրդակցություն է կազմակերպվել նաև ՀՀ վարչապետի մոտ 2016 թվականի մայիսի 23-ին՝ հանրապետության խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նա նաև նշել է, որ պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների կազմակերպման և այդ գործընթացում առկա խնդիրների քննարկման նպատակով 2016 թվականի հունիսի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կազմակերպվել է խորհրդակցություն հանրապետության պտուղ-բանջարեղեն վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բացի այդ` գյուղատնտեսական արտադրանքի մթերումների և արտահանումների գործընթացներում առկա խնդիրները քննարկվում են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի մարզային այցելությունների ընթացքում: Իրականացվել է նաև պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումների ու արտահանումների կանխատեսվող ծավալների մոնիթորինգ:
«Ընթացիկ տարում պտուղ-բանջարեղենի մթերման պահանջարկը կազմել է շուրջ 71282.0 տոննա բանջարեղեն, որից՝ 47780.0 տոննա լոլիկ, 26808.0 տոննա պտուղ, որից՝ 6472.0 տոննա խնձոր, 5334.0 տոննա դեղձ, 7640.0 տոննա ծիրան և 7362.0 տոննա այլ պտուղ», – նշել է նախարարի տեղակալը:
Ռոբերտ Մակարյանը նաև հավելել է, որ վերամշակող ընկերությունների կողմից պտուղ-բանջարեղենի մթերումների պահանջարկը շուրջ 34.0 հազար տոննայով (35 տոկոսով) գերազանցել է նախորդ տարվա ընթացքում կատարված փաստացի մթերման ծավալները, մասնավորապես` 17.0 հազ. տոննայով լոլիկի, 1.0 հազ. տոննայով ծիրանի, 1.6 հազ. տոննայով դեղձի և 3.7 հազար տոննայով խնձորի ծավալները:
Անդրադառնալով մթերմանն առնչվող խնդիրներին` փոխնախարարը նշել է, որ համաձայն հանրապետության վերամշակող ընկերությունների կողմից հավաքագրված, ամփոփված և ՀՀ գյուղատնտեսության նախարարին ներկայացված տեղեկատվության` սույն թվականի օգոստոսի 9-ի դրությամբ հանրապետության պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 1972.0 տոննա բանջարեղեն, որից՝ 1075.0 տոննա լոլիկ և 10224.0 տոննա պտուղ, որից՝ 6455.0 տոննա ծիրան, 1036.0 տոննա հատապտուղ:
Ասուլիսի ընթացքում փոխնախարարն անդրադարձել է նաև ընթացիկ տարվա արտահանման ցուցանիշներին` նշելով, որ 2016 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 85326.0 տոննա պտուղ-բանջարեղեն, մինչդեռ 2015 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 49827.0 տոննա պտուղ-բանջարեղեն: Այսօրվա դրությամբ թարմ պտուղ-անջարեղենի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի մակարդակը գերազանցում են ավելի քան 35.5 հազար տոննայով կամ ավելի քան 1.7 անգամ:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության կողմից խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության ու զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ:
Գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված պտղի, բանջարեղենի և խաղողի իրացման աջակցության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ 2011 թվականից մայրաքաղաքի Կենտրոն և Արաբկիր համայնքների վարչական տարածքներում յուրաքանչյուր շաբաթ և կիրակի կազմակերպվում են գյուղատնտեսական մթերքի տոնավաճառներ: