կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-03 12:15
Քաղաքական

Պատգամավոր Կարինե Պողոսյանը չի ցանկանում, որ եղբայրը լինի Արտաշատի քաղաքապետ

Պատգամավոր Կարինե Պողոսյանը չի ցանկանում, որ եղբայրը լինի Արտաշատի քաղաքապետ

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը նշեց, որ Արտաշատի քաղաքապետի ընտրություններում Գագիկ Պողոսյանը /եղբայրն է-խմբ./ չի էլ ցանկացել առաջադրվել:

«Գագիկ Պողոսյանն ընդհանրապես հրաժարվում է այդ պաշտոնից, երբեք չի էլ ցանկացել լինել քաղաքապետ: Ես չգիտեմ` այդ շահարկումները որտեղից են»,- հայտարարեց նա:

Հարցին` դաշինքն այլ թեկնածու առաջադրելո՞ւ է, պատգամավորն արձագանքեց. «Դաշինքը քննարկում է, ձեզ կհայտնենք»:

Հարցին էլ` դաշինքը չի՞ զիջելու իր դիրքերը Արտաշատում, Պողոսյանը պատասխանեց, որ դաշինքի անունից չի կարող որևէ բան ասել, քանի որ քննարկումներ են ընթանում: «Մինչև հոկտեմբերի 5-ը ժամանակ կա` թեկնածու առաջադրելու, կիմանաք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի առաջադրած` Կարեն Բենիամինյանի թեկնածությանը, և հնարավոր է՞ սատարեն նրան, Պողոսյանը պատասխանեց. «Շատ նորմալ, դրական հարաբերությունների մեջ ենք, իսկ սատարելու մասին կխոսենք ավելի ուշ»:

Նա նաև նշեց, որ ինֆորմացիա չունի, թե Հովիկ Աբրահամյանի հետ կոմպրոմիսի եկե՞լ են հանրապետական թեկնածուի շուրջ:

Հարցին` չէ՞ր ուզենա՞, որ եղբայրը` Գագիկ Պողոսյանը, լիներ թեկնածու, պատասխանեց. «Ոչ, նա այլ աշխատանքի է անցնելու, իսկ թե ի՞նչ աշխատանքի, կիմանանք ավելի ուշ»: