կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-20 14:01
Քաղաքական

Կուսակցական աշխատանքը կենսակերպ պետք է լինի, ոչ թե ընտրություններից առաջ կուսակցություն բացեն ու խոստումներ տան. Կարինե Աճեմյան

Կուսակցական աշխատանքը կենսակերպ պետք է լինի, ոչ թե ընտրություններից առաջ կուսակցություն բացեն ու խոստումներ տան. Կարինե Աճեմյան

Երեկ ՀՀԿ ԳՄ նիստում որոշվեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կղեկավարի սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբը, ինչը նշանակում է, որ քարոզարշավը մտնում է գործնական փուլ:

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ շատ շուտով գործնականում կձևավորվեն խմբեր, որոնք կսկսեն իրականացնել քարոզարշավը: 

«Մենք դրա փորձն ունենք: Կարծում եմ` շատ արագ կձևավորվեն այդ խմբերը: Ես նախկինում  բոլոր քարոզարշավներին մասնակցել եմ` կլինի մարզերում, թե` Երևանում»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ երկար ժամանակ է, ինչ աշխատում են տարածքային կառույցների հետ, հանդիպումներ ունենում ամենօրյա ռեժիմով: 

Հարցին, թե ի՞նչ շանսեր ունեն այն անձինք, ովքեր ընտրություններից առաջ հայտնվում են Հայաստանում, հայտարարում քաղաքականությամբ զբաղվելու և կուսակցություն բացելու մասին, ինչպես վերջերս Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, Կարինե Աճեմյանը պատասխանեց, որ իրենք պետք է գնահատեն իրենց շանսերը մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ, որին մնացել է 1,5 տարի: Ըսը նրա` այս ընթացքում, բնականաբար, բոլոր այն ուժերը, որոնք ցանկանում են հայտնվել խորհրդարանում, պետք է ազգաբնակչության հետ սկսեն աշխատել ավելի ակտիվ ու մոբիլիզացնել իրենց ուժերը:

Մեր հարցին` արդյո՞ք տեսնում է Արա Աբրահամյանին որպես խորհրդարանում ակտիվ աշխատող օրենսդիր, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, ժողովուրդը պետք է որոշի` ում ընտրել: Հետագայում, իհարկե, որոշ ընտրողներ կարող են դժգոհել այս կամ այն պատգամավորից, որոնք չեն արդարացրել իրենց հույսերը: Ես համոզված եմ, որ կուսակցական աշխատանքը կենսակերպ պետք է լինի, ամենօրյա աշխատանք լինի, ոչ թե հավաքվեն ընտրություններից առաջ, որոշակի խոստումներ տան, կուսակցություն բացեն: Հանրապետականին շատ են մեղադրում, բայց նրա կառույցները կայացած են, որոնք աշխատում են ամբողջ տարին: Այսինքն` եթե որևէ կուսակցություն որևէ հաջողություն է ակնկալում, ապա անպայման նման աշխատանքները պետք է լինեն ամենօրյա, ոչ թե ինչ-որ ժամանակահատվածի համար»: 

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակումը ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում, Կարինե Աճեմյանը պատասխանեց, որ բոլորի համար այդ նշանակումն անակնկալ էր: «Քանի որ Տիգրան Սարգսյանը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պարագայում դերակատարություն ունեցավ և այս ընթացքում այդ աշխատանքների մասին իրազեկված էր, ուստի կարծում եմ` նա պատրաստված գործիչ է և նորմալ կիրականացնի իր գործառույթները»,- ասաց պատգամավորը: