Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անակնկալ բացահայտում արեց՝ ասաց, որ հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ն լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի։ Ըստ շրջանառվող լուրերի, ընկերությունը շուտով դադարեցնելու է թռիչքները։ «Այդ հարցը քննարկվում է, կարծում եմ՝ լուծումներ կգտնվեն։ Մենք աշխատում ենք ընկերության հետ»,- հայտարարեց նա։ Թե ինչ լուծումներ են քննարկվում, չասաց, սակայն պարզ է, որ դա լինելու է լրացուցիչ ֆինանսավորումը պետական բյուջեից։ Հիշեցնենք, որ դեռ հունվարին ԱԺ-ում «Ավիացիայի մասին» օրենքի քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ Fly Arna-ն ուղեւորահոսքի փոխադրման ծավալով նախավերջինն է Հայաստանում գործող 5 ավիափոխադրողների թվում` մոտ 79 հազար ուղեւոր։
Տեղին է նաեւ հիշեցնել, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) հովանավորությամբ ստեղծված այս ավիաընկերությունը որպես ազգային փոխադրող էր ընտրվել առանց մրցույթի։ Անցյալ տարի, երբ «Հրապարակ» թերթը գրեց այդ մասին՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հարցազրույցում հայտարարեց, որ ազգային ավիափոխադրողի ընտրությունն առանց մրցույթի կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը»` ի դեմս տնօրեն Վահան Փափազյանի, դատի տվեց ե՛ւ «Հրապարակին», ե՛ւ Բագրատյանին։ Իհարկե, այդ դատն առաջին ատյանում մենք շահել ենք, բայց ֆոնդը համառ է` դիմել է Վերաքննիչ դատարան: Այսօր արդեն ակնհայտ է, որ եթե մրցույթ անցկացվեր, ապա ավիաընկերության վրա պետության կողմից կատարվող ծախսերն անհամեմատ ավելի կանխատեսելի կլինեին, քանի որ մրցույթը նախեւառաջ նշանակում է կանխատեսելի ծախս եւ արդյունք։ Բայց այսօր ավիաընկերությունը, որի հետ կառավարությունը մեծ հույսեր էր կապում, վերածվում է անտակ տակառի։ Իսկ նրանց, ովքեր ժամանակին զգուշացնում էին այս հեռանկարի մասին, ոչ միայն չլսեցին, այլեւ կանգնեցրին դատարանի առաջ։ Երեկ, իհարկե, Fly Arna-ն փորձեց մարել հրդեհը` հերքելով թռիչքների կասեցման մասին մամուլում տարածված լուրերը եւ վստահեցնելով, որ ավիաընկերությունը շարունակում է բնականոն թռիչքների իրականացումը, նաեւ տեղեկացնելով, որ «ամրագրման համակարգը չի գործել տեխնիկական խնդիրներով պայմանավորված», «խնդիրներն այժմ կարգավորված են»»։