կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-10 16:11
Քաղաքական

Թուրքական կողմի ջանքերը զուր էին` պատարագը ոչ միայն կմատուցվի, այլև ուղիղ կհեռարձակվի. Վատիկանում ՀՀ դեսպան

Թուրքական կողմի ջանքերը զուր էին` պատարագը ոչ միայն կմատուցվի, այլև ուղիղ կհեռարձակվի. Վատիկանում ՀՀ դեսպան

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

 

Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ է փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել:

 

Պատարագը ոչ միայն կմատուցվի, այլև ուղիղ կհեռարձակի: Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրել է իր քարոզը և նախատեսվում է, որ պատարագից հետո նա կմոտենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին (սովորաբար, պատարագը վերջացնելուց հետո Պապը դուրս է գալիս տաճարից):

 

Հռոմ ժամանած լրագրողներին ներկայացնելով սպասվող պատմական իրադարձության մանրամասները՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը նշել է, որ մատուցվելիք պատարագի ավարտին նախատեսված են նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների ելույթները:

 

«Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով. բացի վերը նշածներիցս, կարևոր է նաև առանձնացնել, որ տեղի կունենա հայկական մեռելոցի ծիսական կարգ: Պատարագը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն այն մատուցվում է աշխարհի բոլոր հայերի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է դեսպանը:

 

Նախատեսվում է, որ պատվիրակություններ կլինեն տարբեր մայրցամաքների երկրների հայկական համայնքներից: Պատարագի ավարտին կլինի նաև Գրիգոր Նարեկացու վարդապետացման կարգ: «Կհնչի լատիներեն ֆորմուլան, և Նարեկացին կհայտարարվի Տիեզերական եկեղեցու վարդապետ»,- ասել է Միքայել Մինասյանը:

 

Իսկ մինչ պատարագը` ապրիլի 11-ին, ևս մեկ հիշարժան միջոցառում է ծրագրված. Հին Ջուղայի ամենագեղեցիկ խաչքարի կրկնօրինակը կզարդարի իտալական Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը:

 

Խաչքարը կերտվել է 1,5 տարվա ընթացքում՝ ամբողջովին ներկայացնելով ադրբեջանցիների կողմից ավերված Հին Ջուղայի մշակութային արժեքը: Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողը կօծվի ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի և կարդինալ Սեպեի: