կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 16:59
Հասարակություն

Զինվորի տունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով, այլև իր բովանդակությամբ ու ջերմությամբ․ Գևորգ Քեփենեկյան

Զինվորի տունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով, այլև իր բովանդակությամբ ու ջերմությամբ․ Գևորգ Քեփենեկյան

Լիոնի նախկին քաղաքապետ, «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ Քեփենեկյանը, «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուն և ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ Արա Բաբլոյանն այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։

Զինվորի տան հյուրերը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և հաստատության տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջեցին գերժամանակակից մասնագիտական սարքավորումներով հագեցած, տարածաշրջանում իր հնարավորություններով եզակի վերականգնողական կենտրոնում:

Ճանաչողական շրջայց կատարելով կենտրոնի Արմաթ ինժեներական լաբորատորիայում, պարաֆինո, կինեզո, էլեկտրոթերապիաների սենյակներում, որտեղ ժամանակակից սարքավորումների օգնությամբ վերականգնողական բուժում են ստանում վիրավորում ստացած մեր զինվորներն ու զինվորականները` հյուրերը ծանոթացան Զինվորի տան ընթացիկ գործունեությանն ու հետագա ծրագրերին:

Շուրջ 2 տարի գործող հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում արդեն ամբողջությամբ անվճար բուժում է ստացել շուրջ 3000 զինծառայող:

«Եզակի կենտրոն է Հայաստանում, տուն է այն մարդկանց համար, որոնք իրենց առողջությունն ու կյանքը նվիրել են մեր երկրին: Զինծառայողների համար ամեն ինչ անվճար է՝ սնունդը, ուսումը, բուժումը»,- ասում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ավելացնելով, որ որևէ վերականգնողական կենտրոն չունի վերականգնողական բուժման համար նախատեսված այսչափ բազմաֆունկցիոնալ սարքավորումներ:

ԵՊԲՀ ռեկտորի խոսքով՝ այս տարի նախատեսված է վերականգնողական բուժման ամբիոնի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա Հայաստանում ավելի շատ մասնագետներ պատրաստել:

«Այս ոլորտը երկար տարիներ բաց էր մնացել, շուտով կունենանք նաև գերժամանակակից պրոտեզարան»,- նշում է «Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը:

Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը հյուրերին ներկայացրեց նաև կենտրոնի զարգացման հետագա ծրագրերը: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր: Այստեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի, լուծվում են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր: Ֆրանսիայի Լիոնի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանը տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։ Բժշկին հաճելիորեն զարմացրեց նաև այն փաստը, որ մինչ այս պահը որևէ COVID-19-ի դեպք չի արձանագրվել վերականգնողական կենտրոնում։

Հանդիպման ավարտին հյուրերը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթեցին արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով: