կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-15 12:54
Քաղաքական

Վաղ է եզրակացություն անել, որ անորակ Ազգային ժողով է. Արմեն Ռուստամյան

Վաղ է եզրակացություն անել, որ անորակ Ազգային ժողով է. Արմեն Ռուստամյան

Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատասխանելով դիտարկմանը՝ այս խորհրդարանը որակապես զիջում է նախորդին, քանի որ ամբողջ քառօրյայի ժամանակ ոչ մի թեժ քննարկում չեղավ, արձագանքեց. «Բնական է: Նոր է ամեն ինչ իր հունի մեջ մտնելու, վաղ է եզրակացություն անել, որ անորակ Ազգային ժողով է»:

«Հիմա մի քիչ անցումային, սպասողական մարտավարություն են շատերը վարում, քանի որ գիտեն, որ մյուս տարվա ապրիլի 9-ից է, որ էական փոփոխություններ կլինեն խորհրդարանում: Բոլորը սպասում են, թե վերջնական ինչպիսի դասավորումներ ու գործընթացներ կլինեն»,- ասաց նա:

Իսկ թե ինչո՞ւ կոնկրետ ՀՅԴ-ն ելույթներով  հանդես չի գալիս, Ռոստամյանն ասաց, որ դա կախված է նրանից, թե ինչ օրինագիծ է քննարկվում: Բացի այդ` քանի որ իրենք կոալիցիայում են, օրինագծերի շուրջ տեսակետները նախապես տեղի ունեցող քննարկումների ժամանակ են հայտնում: Ռուստամյանը կարծում է` քանի որ հիմա կոնկրետ հարց չկա, ապա հիպոթետիկ քննարկումները արդյունք չեն տալիս:

Հարցին՝ իրենք մեղավոր զգո՞ւմ են, որ երկրում նման ծանր իրավիճակ է, պատգամավորն արձագանքեց. «Անլուրջ են այն քաղաքական ուժերը, որոնք համարում են, որ պատասխանատվություն կամ մեղքի բաժին չունեն: Քաղաքական ուժը չի կարող մեղքի բաժին չունենալ, եթե լուրջ ուժ է»:

Պատասխանելով հարցին, թե հասարակության համար ի՞նչ բարեփոխումներ է արել այս ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուստամյանն ասաց, որ իրենց համար բարեփոխումներն ակնհայտ են: «Սերժ Սարգսյանը, ըստ էության, ընդունեց մեր առաջարկած 7 կետերը: Գլոբալ առումով` Հայաստանի ընթացքի մեջ տեղի է ունեցել բեկում, մենք նոր համակարգ ենք որդեգրել՝ դրանից բխած ամեն ինչով: Ղարաբաղի խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված կտրուկ գործողություններ ու փոփոխություններ են եղել, նույն` կառավարության գործունեությունը»,- ասաց նա, ապա օրինակ բերեց նաև հարկային ոլորտի դրական փոփոխությունները:

Դիտարկմանը՝ նշվածները դրական են ՀՅԴ-ի, բայց ոչ` ժողովրդի համար, Ռուստամյանն արձագանքեց. «Երբեք պատմության մեջ չեք կարող մատնանշել մի ժամանակահատված, երբ ՀՅԴ-ի համար լավ է եղել, ժողովրդի համար՝ վատ»: