կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-10 16:01
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խորհրդարանը և փողոցը միասին պետք է այդ գործը կարողանան անել․ Արմեն Ռուստամյան

Այս իշխանություններն, ընդհանրապես, ամեն ինչ անում են ժողովրդի թիկունքում՝ թաքուն պահած, գաղտագողի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ նորընտիր Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը 34-րդ Ընդհանուր ժողովից հետո առաջին մամուլի ասուլիսում։

«Առարկան, որի շուրջ այսօր խոսակցություն է գնում, ոչ մեկին հայտնի չէ՝ ինչի՞ շուրջ ենք, օրինակ, բանակցում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասով, որո՞նք են մեր «կարմիր գծերը», ի՞նչ հայեցակարգով ենք մենք այդ բանակցությունների մեջ մտել, որևէ բան հայտնի չէ, նրանք թաքուն են պահում՝ վերջին պահին քեզ կանգնեցնում փաստի առաջ»,-ասաց նա։

Այսօր էլ խաղաղասիրական հայտարարություններ են արվում, թմրեցնում մեր ժողովրդի գիտակցությունը,  որից հետո կանգնելու ենք մի փաստաթղթի ստորագրման առաջ, նոր հետո ակնհայտ կդառնա, թե այնտեղ ինչ է գրված՝ նշեց նա։

«Նախկինները նախաստորագրել էին, ստորագրել էին՝ փաստաթուղթ կար, որի շուրջ կարող էինք առարկայական խոսակցություն տանել և մեր «ոչ»-ի շարժումն առարկայական բնույթ ուներ։ Այսօր, ճիշտ է, միայն օրենսդրական գործունեությամբ այս ամենի դեմն առնել հնարավոր չէ, խորհրդարանն անհրաժեշտ հարթակ է, բայց ոչ բավարար։ Հենց դրա համար էլ հրապարակ ենք բերել դիմադրության ձևավորման գաղափարը։ Խորհրդարանը և փողոցը միասին պետք է այս գործը կարողանան անել»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Նշենք, որ փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի է ունեցել ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը, որն ընտրել է նոր բարձրագույն մարմին՝ Բյուրո։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակներ քննարկել և արժևորել են համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշել ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը հրապարակել է իր Հայտարարությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․