կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-27 12:15
Քաղաքական

Սա ամենալավ նվերն է, որ մենք կարող ենք անել մեր չուզողներին. Արմեն Ռուստամյան

Սա ամենալավ նվերն է, որ մենք կարող ենք անել մեր չուզողներին. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնություններին, նշեց, որ Դաշնակցությունը դեմ է քաղաքական պայքարն ապրիլի 24-ի հետ կապելուն: «Սա ամենալավ նվերն է, որ մենք կարող ենք անել մեր չուզողներին»,- ասաց նա:

 

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, թե «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ից շուրջօրյա հանրահավաքներ է սկսելու: «Սա չի կարելի թույլ տալ, և մեզ համար անհասկանալի են մոտիվները, թե ինչպես ինչ-որ պայքար կարելի է կապել ապրիլի 24-ի հետ: Մենք պարզապես ամոթով կմնանք ամբողջ աշխարհի առաջ, եթե նման բան թույլ տանք: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` զերծ մնալ այդպիսի գաղափարից»,– ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

 

Նրա բնորոշմամբ՝ Սեֆիլյանը կարող է շարունակել իր պայքարը, սակայն ամեն բան իր տեղն ու ժամանակն ունի:

 

Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու այդ հանրահավաքներին, քանի որ իրենք գործ չունեն մի ուժի հետ, որը գալիս է պառակտելու ազգային միասնությունը: «Ես նման ուժի հետ ո'չ հանրահավաք գնալու ցանկություն ունեմ, ո'չ սեղան նստելու»,- ասաց նա:

 

Հարցին, թե ինքը կողջունի՞ իշխանությունների` ուժի դիմելու քայլերը, Ռուստամյանը պատասխանեց, որ բոլոր երկրներում նման շարժումների դեպքում կատարվում են քայլեր, որոնք անհրաժեշտությունից բխած են և արդարացված: