Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ պաշտպանությսն բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և ևս վեց անձի վերաբերյալ այսօրվա դատական նիստի մեկնարկին մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդեց` արգելել լրատվամիջոցներին տեսանկարահանել կամ ուղիղ եթերով հեռարձակել այսօրվա նիստին ներկայացած վկաների հարցաքննությունը: Մեղադրողի միջնորդության դեմ առարկեց միայն ամբաստանյալ Սամվել Բաբայանը: Նա հայտնեց, որ գործով վկաներից մեկի ցուցմունքը շատ կարեւոր է, եւ հանրությունը պետք է ամեն ինչ իմանա:
«Վկաներից մեկը, ով հրթիռը կամավոր բերել, հանձնել է, պիտի ցուցմունք տա, ինչը հասարակությունը պիտի բացահայտ իմանա: Տվյալ անձը 2014 թվականից ներքաշված է տնտեսական հանցագործության մեջ: Այդ գործը փակվել ու 2017-ին նորից բացվել է: Ես դատական նիստից հետո գնում եմ իմ խուցը, որտեղ հեռուստատեսությամբ լսում եմ Վրաստանից բերված իրի մասին, բայց գործում նման բան չկա: Հիմա մարդկանց ձերբակալել են: Հնարավորություն տվեք ապացուցել, որ հասարակությունն իմանա ճշմարտությունը»,- ասաց Բաբայանը:
Նշենք, որ խոսքը Հրաչյա Մայիլյանի մասին է, այս վկան է «Իգլա»-ի հրթիռը հանձնել ԱԱԾ-ին:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերել: Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ: Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն: