Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին Նյու Յորքի «Թուրքական տանը» տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը. Zartonk Media-ն որոշ տեղեկություններ է ներկայացրել կարևոր հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ:
«Թուրքական տուն»-ը 36 հարկանի երկնաքեր է, որը գտնվում է Միդթաուն Մանհեթենում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի անմիջապես դիմաց։ Այն ծառայում է որպես Նյու Յորքում թուրքական բազմաթիվ դիվանագիտական առաքելությունների, այդ թվում՝ գլխավոր հյուպատոսության և ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության կենտրոնակայան և գործում է որպես թուրքական մշակութային գործունեության կենտրոն։
Հատկանշական է, որ 2023 թվականին «Թուրքական տուն»-ը հայտնվել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ կոռուպցիայի գործով Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննության կիզակետում: ՀԴԲ-ի և Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից ղեկավարվող կոռուպցիոն հետաքննությունը մանրամասն ուսումնասիրում է 2021 թվականի քաղաքապետի ընտրարշավի ժամանակ Ադամսի կողմից ենթադրյալ կոռուպցիան: Ենթադրվում է, որ թուրքական կառավարությունը միջնորդի՝ KSK Construction-ի միջոցով՝ Ադամսի ընտրարշավին նվիրատվություններ է փոխանցել: Սա իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես թուրքական շահերի հետ Ադամսի կապերի ֆոնին: 2015-ին Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը ֆինանսավորել է Ադամսի ուղևորությունը Թուրքիա, իսկ 2021-ին դեմոկրատ քաղաքապետի նախնական ընտրություններում հաջողությունն ապահովելուց հետո Ադամսը, ըստ տեղեկությունների, ճնշում է գործադրել Նյու Յորքի հրշեջ վարչության վրա՝ թույլատրելու «Թուրքական տան» գործունեությունը՝ չնայած հրդեհային անվտանգության չլուծված խնդիրներին: Քննիչները նաև հարցաքննել են Նյու Յորքի հրդեհային կոմիսար Դանիել Ա. Նիգրոին՝ «Թուրքական տան» հետ կապված որոշման առանչությամբ:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ևս անդրադարձել է նշված թեմային գրելով՝
«Քայլիստների կողմից թմբկահարված Նիկոլ-Էրդողան հանդիպումը կայացավ Թուրքիայի սեփականություն հանդիսացող նյույորքյան «Թուրքական տուն» երկնաքերում, որտեղ գտնվում են Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսարանը և ՄԱԿ֊ում Թուրքիայի ներկայացուցչությունը...
Սա հանդիպում չէ նեյտրալ` ՄԱԿ֊ի շրջանակներում և գրասենյակի տարածքում...
Փաստորեն Նիկոլ Անհողն այցելել է Էրդողանին Թուրքիայի տարածքում...
Ավելին` հայերի դեմ իրենց հայրենիքում ցեղասպանություն գործած և այդ փաստը ժխտող Թուրքիայի ներկայիս առաջնորդ Էրդողանը Նիկոլին բերելով իր տարածք և դրան «Ավելի արդար աշխարհը հնարավոր է» վերնագրով իր գրած գիրքը նվիրելով ստորացրեց Հայաստանին և ողջ հայությանը... Անկարայի այս մեսիջները շատ պարզ են և հասանելի...
Ի դեպ, Հայաստանի և հայության ստորացմանը Նիկոլ Անհողը մեծ հաճույքով է մասնակցում...
Ֆանտաստիկայի ժանրից է պատկերացնել, որ Թուրքիայի առաջնորդը Հայաստանի կապիտուլյանտ ղեկավարի հետ դրսում հանդիպեր ՀՀ տարածք հանդիսացող ինչ-որ շենքում և նրա ձեռքից ստանար նվեր Հայոց ցեղասպանության մասին ինչ-որ գիրք...
Ամենասարսափելին` Նիկոլի քծնանքով լի երջանիկ հայացքն է...»։