կարևոր
670 դիտում, 17 ժամ առաջ - 2024-12-27 13:33
Աշխարհ

«Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական հրթիռն է

«Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական հրթիռն է

Ադրբեջանական կառավարության աղբյուրը Euronews-ին հայտնել է, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում։ Դեկտեմբերի 25-ին Ակտաուում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել ռուսական հրթիռը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը։

Ինքնաթիռը Բաքվից Գրոզնի էր թռչում։ Զրուցակցի խոսքով՝ հրթիռն արձակվել է Չեչնիայի երկնքում անօդաչու թռչող սարքերի ակտիվության պահին, դրա բեկորները պայթել են օդանավի կողքին՝ վնասելով ուղևորներին։

Ըստ աղբյուրի՝ օդաչուները պահանջել են արտակարգ վայրէջք, սակայն նրանց թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական որևէ օդանավակայանում՝ ուղարկելով Կասպից ծովով՝ Ակտաուի ուղղությամբ։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի էր ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը։ Ավելի վաղ հնչել էին ինքնաթիռի կործանման այլ վարկածներ՝ թռչունների երամի հետ բախումից մինչև օդանավի վրա գտնվող բալոնի պայթյուն։ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ։ Աղետը խլել է 38 մարդու կյանք։