կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-03 14:06
Արցախ

Կյանքում հերոս լինելուց զատ առավել դժվար է հերոսավարի ապրելը. Սերժանտի նժդեհյան մեջբերումը

Կյանքում հերոս լինելուց զատ առավել դժվար է հերոսավարի ապրելը. Սերժանտի նժդեհյան մեջբերումը

 

Մադաղիսում ծառայություն անցնող զինծառայողներից է սերժանտ Լևոն Մկրտչյանն  Աբովյանից: Նա ծառայության է անցել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո` անելով մի քանի հետևություններ:

«Հասարակությունից եկող արձագանքներն են կարևոր: Մինչև բանակ զորակոչվելը ապագա զինվորներին է պետք ճիշտ դաստիարակել: Զորակոչվելուց հետո տղան պետք է բանակ բերի ոչ թե փողոցային բարքեր, անիմաստ սկզբունքներ կամ հավակնություններ, այլ` իրենց ծնողների թանկ ու անփոխարինելի խորհուրդները»,- ասում է սերժանտը:

Լևոն Մկրտչյանի խոսով` բանակն այնպիսի կառույց է, ուր բոլորը մեկ նպատակի են ծառայում: Զորակոչվելուց հետո անհրաժեշտություն է  առաջանում լինել ավելի հարմարվող, ավելի ընկերասեր:

«Եթե այսօր բանակում ամեն մեկս մտածենք մեր «ես»-ի մասին, լավ բան չի ստացվի, չէ որ անձի իրավունքներն ավարտվում են այնտեղ, ուր մեկ ուրիշի իրավունքներն են սկսվում»,- կարծում է Լևոն Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ նստած պաշտոնյաներին, սերժանտը կուզենար նրանց մեջ մի քիչ թասիբ տեսներ: Իսկ թե ինչու կորավ թասիբը ռազմական ուղի անցած, բայց այժմ բարձր պաշտոններ զբաղեցնողների մեջ, սերժանտը մեջբերում է Նժդեհի խժոսքերը.

«Կյանքում հերոս լինելուց զատ առավել դժվար է հերոսավարի ապրելը: Եթե այդ մարդիկ անցել են ռազմական հերոսական ուղի, ողջ են մնացել, դա դեռ չի նշանակում, որ պետք է կորցնեին իրենց մաքրությունը: Կարճ ասած` եթե մաքուր վաստակած լինեին, այդ վաստակի մաքրությունը կպահպանեին: Մարդիկ նստում են իրենց պաշտոնավոր աթոռների վրա ու խոսում հայրենասիրությունից, ես հայրենասիրությունը պատկերացնում եմ կոնկրետ գործով, լավ կատարած գործով: Լավ կատարած թալանը հայրենասիրություն է՞»:

Սերժանտ Լևոն Մկրտչյանն ունի արժանավայել զինվորականների կենդանի օրինակներ` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս, փոխգնդապետ Արմեն Ղազարյանը, նույն համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, գնդապետ Մելիք Դալլաքյանը, իրենց գնդի մայոր Զավեն Խաչատրյանը:

«Հայրենիքն էլ մեծ ընտանիք է, որտեղ ամեն մեկս ունենք մեր բաժին առաքելությունը: Հարցն այն է` յուրաքանչյուրս որքանով ենք պատրաստակամ, որքանով ենք պատրաստ մեր խիղճը դարձնել մեզ դատավոր: Եթե  մարդը չի գնահատում հողի համար թափած արյունը, ուրեմն ուրանում է, այդպիսինները մարդ չեն կարող կոչվել: Ու ցավոք սրտի նման մարդիկ կան մեր մեջ»,- ասում է զինծառայողը:

Խոսելով զոհված զինծառայողների մասին, սերժանտը կարծում է, որ նրանց մասին հուշերը զգաստացնող են: Ինքը դադարեց ծխել այն բանից հետո, երբ հիշեց զոհված ընկերոջ հորդորները` ծխելը թողնելու մասին:

Մելանյա Մելքումյան