Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ Կ. Պոլսում հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ սկանդալային նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նամակը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել, իսկ այսօր ԱԺ քառօրյա նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է կարգալույծ անել Աթեշյանին:
Yerkir.am-ի հետ զրույցում Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ նամակի բնույթը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան գնալով դառնում է ավելի վտանգավոր ու բռնապետական երկիր:
«Սա էլ տարբերությունն է` ազատ և ոչ ազատ երկրի: Պետք է այնտեղ ապրել, լինել այդ վիճակում, ներսից տեսնել, որ հասկանալ իրավիճակը: Այլ հարց է, որ միգուցե կարելի էր կա'մ լռել, կա'մ ավելի չեզոք ձև գտնել: Աթեշյանը, իհարկե, հերոս չէ: Մենք ունեցել ենք հոգևորականներ, որոնք նաև հերոս են եղել, բայց հերոս հասարակության պահանջով չեն դառնում. մարդն ուրեմն պետք է պատրաստ լիներ ինչ-ինչ մեծ զոհաբերության: Սակայն, մյուս կողմից, նորից եմ ասում` պետք է ներսից նայել հարցին»,- ասաց նա:
Ըստ Բաբայանի` դատապարտելու «արժանի» շատ ավելի այլ երևույթներ կան, քան այդ նամակը, և եթե մենք չափից շատ դատապարտենք նրան, դրանով ավելի շատ կարդարացնենք Թուրքիայի` ներկայիս ռեժիմը: Մենք, նրա հավաստմամբ, դատապարտելով Աթեշյանին, ասում ենք` ի՞նչ է եղել, դու ապրում ես մի ազատ երկրում, որտեղ կարող էիր նման բան չասել և դեռ մի բան էլ ողջունել Բունդեսթագի որոշումը:
«Այսօր ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչպես է Թուրքիան քայլ առ քայլ դառնում բռնապետական երկիր, որտեղ ճնշվում են մարդու բոլոր իրավունքները: Ես հեշտությամբ նրան չէի մեղադրի, բացի այդ` ավելի լավ է սեփական «պարտեզում» փնտրենք բազմաթիվ թերություններ»,- ասաց Բաբայանը: