Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ նախընտրական ծրագիրը ներկայացրեցին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզում ՀՅԴ վարկանիշային թեկնածուներ Իշխան Սաղաթելյանը և Մելիք Ներսիսյանը:
Դաշնակցականներին դիմավորելու էին եկել մեծ թվով լճաշենցիներ, նաև՝ համայնքապետ Կորյուն Մարգարյանը:
Կրթության և գիտության նախարար, ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Լևոն Մկրտչյանը, դիմելով հավաքվածներին, նշեց, որ ժողովուրդը հիմա դժվար վիճակի մեջ է, քանի որ յուրաքանչյուր կուսակցություն տարածքներում իր թիմերով է հանդես գալիս, և շատերը դժվարանում են կողմնորոշվել, որովհետև թեկնածուների մեծ մասը բարեկամներ են, հարազատներ: Ըստ նախարարի՝ լրացուցիչ բարդություն է նաև այն, որ բոլոր 9 կուսակցություններն ու դաշինքները մեծ-մեծ խոստումներ են տալիս, ընդհուպ՝ մինչև ընտրակաշառքի բաժանում: «Որևէ կուսակցություն վատ բան չի գրելու իր նախընտրական ծրագրում, բոլորը ասելու են՝ ինչքան հիանալի է լինելու, եթե իրենց ընտրեն: Ընտրողը պետք է երկու սկզբունքով իր որոշումը կայացնի: Առաջինը՝ նա ի՞նչ երկրում է ուզում ապրել, և երկրորդ՝ այդ երկրում իր վիճակը ինչպիսի՞ն պիտի լինի»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով՝ ընտրություն կատարելիս պետք է հասկանալ՝ կուսակցությունը դիմագիծ ունի՞, թե՞ ոչ:
Լևոն Մկրտչյանը նշեց, որ ՀՅԴ-ն այն ուժն է, որը 127 տարի կանգնած է ժողովրդի կողքին: «Երկու կարևոր գիծ ունի ՀՅԴ-ն: Առաջինը մեր դիմագիծն է: Դաշնակցությունը հավատում է, որ մենք մեր հայրենիքի փոքր հատվածում պետք է կառուցենք հայ տեսակի երկիրը: Եթե դուք ձայնը տալիս եք ՀՅԴ-ին, վստահ եղեք, որ ՀՀ-ում ոչ ոք չի կարող ձեռք տալ մեր խղճին, ոչ ոք չի կարող փոխել մեր պետական լեզուն: Մենք հստակ ասում ենք՝ ՀՀ-ն համայն հայերի հայրենիքն է»,- ասաց նա, ապա հավելեց. «ՀՅԴ գաղափարախոսության երկրորդ մասն ավելի կարևոր է. այդ խնդիրները լուծելու համար պետք է ժողովուրդն էլ լինի ուժեղ, ամուր, չի կարելի ժողովրդին դնել ծանր սոցիալական վիճակի մեջ, որ կորցնի իր հավատը ապագայի հանդեպ: Մենք մեր սերունդներին պետք է թողնենք ուժեղ երկիր: Միայն այն ժողովուրդներն են զարգանում, որոնք սերունդներին ավելի շատ են թողնում, քան ստացել են: Այդպես է, որ երկիրը հարստանում է, զարգանում է: Մեր դժբախտությունն այն է, որ մեր ամեն սերունդ ավելի քիչ է թողել, քան ստացել է: Մենք առաջին անգամ շանս ունենք մեր սերնդին թողնել ավելին, քան ստացել ենք»:
Մկրտչյանը կարևորեց այն հանգամանքը, որ պետք է լրջորեն վերաբերվել այս ընտրություններին, քանի որ առաջին անգամ մենք ընտրելու ենք ոչ թե թագավոր, այլ՝ համակարգ, որտեղ ներկայացված կուսակցություններից է ձևավորվելու կառավարությունը: «Դուք եք որոշելու, թե ինչպիսի խորհրդարան եք ուզում, որ լինի»,- ընդգծեց նա:
Նախարարը նշեց, որ խոսվում է՝ փող են բաժանում, բայց դրանում ժողովրդին չի կարելի մեղադրել, այլ պետք է մեղադրել այն կուսակցություններին, որոնք, օգտվելով ժողովրդի վիճակից, գնում են նրա ձայները: «Երբ ամեն ինչ սկսում են փողով չափել, երկիրը հայտնվում է վատ վիճակի մեջ: Այս երկրի վիճակը ձեր ձայնից է կախված, եթե մի կուսակցություն գալիս է ձեր հպարտության՝ ձեր ձայնի համար գին է որոշում, արդեն շատ վատ բան է անում իր երկրի համար»,- ասաց նա:
Մկրտչյանը նշեց, որ երկրի ապագան մեր հողի վրա կանգնած ժողովուրդն է, իսկ փողով ամեն ինչ չափողները եկող-գնացող են: «Ժողովրդին ով հարգի, այդ կուսակցությունը կապրի: Տեսնում ենք կուսակցություններ, որոնք երեք տարին մեկ անուն են փոխում: Վստահեք այն կուսակցությանը, որը ձեզ հետ քայլելու է, և որի ներկայացվածությունը խորհրդարանում տալու է այն, որ պաշտպանելու է մեր երկրի և հայրենիքի շահը»,- խոսքն ամփոփեց նա: