կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-01 21:46
Տնտեսական

Պետությունը աջակցություն կտրամադրի կարկուտից 80 տոկոս և ավել վնաս կրած գյուղտնտեսություններին

Պետությունը աջակցություն կտրամադրի կարկուտից 80 տոկոս և ավել վնաս կրած գյուղտնտեսություններին

Հ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախարարին ուղեկցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և պաշտոնատար  այլ անձինք:

 Նախարարը մասնավորապես այցելել է Ապագա, Երասխահուն, Արևիկ, Մրգաշատ համայնքներ, հանդիպել ֆերմերների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի խոսքով` այս տարի ջրամբարներում քիչ քանակությամբ ջուր է կուտակվել, և որպեսզի բոլոր համայնքներին անխափան ջրով կարողանան ապահովել, անցել են խնայողական ռեժիմի: Նա տեղեկացրել է նաև, որ ծրագրով Արմավիրի մարզում նախատեսված է եղել շահագործել 60 պոմպ, սակայն իրենք միացրել են ևս 90 հավելյալ պոմպ` ոռոգումն ապահովելու համար:

 «Կան հարցեր, որոնք կարելի է շատ արագ լուծել, կան հարցեր, որոնք երկարաժամկետ լուծումներ են պահանջում: Այս ամենի հետ մեկտեղ մենք դեպի առաջ ենք նայում, որպեսզի երկարաժամկետ առումով համակարգված ծրագրեր ներկայացնենք: Ջրային տնտեսության կոմիտեն, իհարկե, ունի ծրագրեր ոռոգման հարցերը բարելավելու նպատակով, սակայն ջուրը տարեցտարի պակասում է, և առանց կաթիլային համակարգի և նոր տեխնոլոգիաների մենք չենք կարողանա առաջ շարժվել, ինչի համար էլ նախարարության կողմից մշակվել են մատչելի  վարկերի ծրագրերը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Իգնատի Առաքելյանը:

 Նախարարը հավելել է, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի  խորհրդատուները նույնպես կայցելեն տարբեր համայնքներ և առավել մանրամասն կներկայացնեն կաթիլային համակարգի առավելությունները, հնարավոր է, որ առանձին համայնքներում ցուցադրական համակարգեր տեղադրվեն, որպեսզի գյուղացին անձամբ տեսնի դրանց արդյունավետությունը:

 Անդրադառնալով այս տարվա կարկտահարության դեպքերին` նախարարը նշել է, որ աջակցություն կտրամադրվի 80 տոկոս և ավել վնաս կրած գյուղացիական տնտեսություններին: Աջակցությունը ենթադրում է հողի, ջրի վարձավճարների զիջում, ինչպես նաև վարկերի մայր գումարի հետաձգում:

 Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ այն համայնքներում, որտեղ կարկուտը և ցրտահարությունը վնաս չի հասցրել, լավ բերք է սպասվում:

 Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարն ուղևորվել է Արմավիրի մարզպետարան, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել և ներկայացրել պետական աջակցության նոր ծրագրերը:

 Նախարարը մասնավորապես խոսել է վերամշակող ընկերություններին մթերումների դիմաց մատչելի վարկերի տրամադրման, կաթիլային ոռոգման համակարգի, հակակարկտային ցանցերի, հրթիռային համակարգի, ինտենսիվ այգիների ներդրման նախաձեռնությունների մասին:

  Նախարարը կարևորել է նաև այս տարի մեկնարկած գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի ծրագիրը, որի շրջանակում Արմավիրի մարզից արդեն 6 շահառուի տրամադրվել է նոր գյուղտեխնիկա: 

 Այցի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արմավիրի մարզային կենտրոնում,  ծանոթացել աշխատանքային պայմաններին,  զրուցել աշխատակիցների հետ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: