կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-23 16:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետությունը միջամտել է և որեւէ ցուցում չկա, թե մարդիկ իրենց կրած վնասներն ինչպե՞ս կարող են վերականգնել․ Մարուքյան

Պետությունը հայտարարել է արտակարգ դրություն, դրանով միջամտել է հազարավոր տնտեսվարողների, նրանց մոտ աշխատողների գործունեությանը, եւ այդ միջամտությունից հետո որեւէ ցուցում չկա, թե այդ մարդիկ իրենց կրած վնասներն ինչպե՞ս կարող են վերականգնել եւ արդյոք դա համարվո՞ւմ է ֆորսմաժոր, թե՞ ոչ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ արտահերթ նիստում:

«Օրինակ՝ ինչ-որ մեկն ունի ռեստորան, տարածքը վարձակալել է, հիմա տարածքի տերը ուզում է վարձը, ինքը չի կարողանում վարձը տալ, որովհետեւ չի գործում արտակարգ դրության պայմաններում, բայց նաև եթե չտա, տարածքի տերն էլ ունի վարկ, պետք է իր վարկը փակի: Այս շղթան շարունակվում է: Պետությունն այստեղ ունի՞ դիրքորոշում, պե՞տք է ասի, որ այս օրից մինչեւ ապրիլի 14-ը նշված իրավիճակում այս մարդկանց գործունեության մեջ մենք միջամտություն ենք կատարել՝ արտակարգ դրություն հայտարարելով, հետեւաբար, ֆորսմաժոր է իրենց պարտավորությունների չկատարման համար՝ այո՞, թե՞ ոչ»,- հարցրեց Մարուքյանը:

Մարդկանց ուղարկել դատարանների դուռը եւ ասել՝ մասնավոր հարց է, դատարանում իրար հետ վիճեք, վեճի արդյունքում կերեւա՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, արտակարգ դրության պայմաններում ճիշտ չէ՝ նկատեց նա:

«Երբ ես խոսում եմ արտակարգ դրության ժամանակ ֆորս-մաժորային իրավիճակների և պետության ստանձնած պարտավորությունների հարցի մասին, ենթադրում եմ, որ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է արդեն ունենա վերլուծություն այն մասին, թե տնտեսության որ հատվածներն են խոցված»,-ասաց նա: 

Մարուքյանը հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնից վարչապետն ասաց, որ 60 տարեկանից բարձր աշխատողները պետք է դուրս չգան, չգնան աշխատանքի, զգույշ լինեն, այնինչ իրենք նամակներ են ստանում, որ այդ տարիքի մարդկանց կանչում են աշխատանքի տարբեր մարմիններում:

«Պետությունը ինչ-որ ցուցում ունի՞, ինչ-որ իրավական բան կա՞, որ մարդն ասի՝ ես չեմ գալիս, որովհետեւ դուք պետք է իմ բացակայությունը հարգելի համարեք, որովհետեւ ես խոցելի խմբում եմ, հետեւաբար թողեք ես տանը մնամ, բայց աշխատավարձս էլ տվեք»,- հայտարարեց նա:

Մարուքյանի այս հարցերին նախարար Բադասյանը պատասխանեց, որ պետությունը չի կարող բոլորին փոխհատուցում տալ և դիտարկում է միայն հատուկ խմբերին տրվող աջակցության հարցը:

Ի պատասխան  էդմոն Մարուքյանն ասաց, որ 2008 թվականին հայտարարված արտահերթ ընտրության ժամանակ պետությունն անգամ փոխհատուցել է վառված, ջարդված և թալանված  խանութներին, փող է տվել իրավաբանական անձնանց:

«Այսինք, նախադեպ ունենք և այն այժմ կարող ենք կիրառել տուժածների համար»,- ասաց  Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով  տուգանքներ և քրեական պատասխանատվություն է սահմանվում արտակարգ դրության սահմանափակումները խախտողների հանդեպ:

Մանրամասն՝ տեսանյութում․