Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսկապես աննախադեպ կարկուտ է տեղի ունեցել մայիսի 12-ին, և բազմաթիվ տնտեսությունների համար դրանք ցավալի հետևանքներ են ունեցել. կառավարության այսօրվա նիստը սկսելով` ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքները վերացնելու միջոցառումների ծրագիրը: Վարչապետը նշեց, որ շուրջ 17 հազար հա հողատարածությունների վնաս է հասցվել, ընդ որում` 46 համայնքից 23-ում բերքը վնասվել է 100 տոկոսով:
Ներկայացնելով կարկտահարությունից տուժածներին հատկացվելիք աջակցության չափն ու ձեւը` վարչապետը նշեց, որ խաղողի այգիների առումով գյուղացիները շուրջ երեք տարվա օժանդակություն են ստանալու, պտղատու այգիների մասով` 1-2 տարվա, իսկ բանջարանաբոստանային կուլտուրաները, ըստ վարչապետի, կարող են ավելի արագ վերականգնել:
Նրա խոսքերով` ծրագրով 22 համայնքներում, որոնցում կարկուտի հետևանքով 100 տոկոսով վնաս է հասցվել, նախատեսվում է ամբողջությամբ հատուցել հողի գույքահարկի վճարումները, իսկ մնացած համայնքերում, որտեղ կորուստը կազմում է 30-50%, համայնքների ղեկավարների հետ պայմանավորվել են, որ ներկայացնեն ցուցակներ, և եթե այդ համայնքներում կորուստները 100 տոկոս են, ապա նրանց գույքահարկն էլ ամբողջությամբ կհատուցեն, իսկ 50 տոկոսի դեպքում` կեսը: Ըստ վարչապետի` այս ամենի համար անհրաժեշտ է մոտ 200 մլն դրամ:
«Հասկանալի է, որ մեր գյուղացիական տնտեսությունները ունենալու են ֆինանսական խնդիրներ իրենց պարտավորությունները կատարելու առումով` առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, հարկային պարտավորությունների և ջրի վճարումների»,- ասաց Տ.Սարգսյանը` հավելելով, որ գյուղացիները կազատվեն նաև ջրի վճարից, նույն սկզբունքով` 100 տոկոս վնաս կրած գյուղացիական տնտեսությունները կառավարության կողմից հարյուր տոկոսանոց աջակցություն կստանան:
Ինչ վերաբերում է գյուղացիների վարկային պարտավորություններին, վարչապետը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տոկոսադրույքներն ու դոլարային վարկերը դառնալու են դրամային վարկեր, տոկոսադրույքների հետ կապված ամեն մեկի հետ առանձին աշխատանք է տարվելու, որպեսզի մեխանիզմներ մշակվեն դրանց նվազեցման և մարման հետաձգման կարգի վերաբերյալ:
Հակակարկտային կայանների վերաբերյալ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կհատկացնեն 350 մլն դրամ` մարզում 50 նոր կայաններ ներդնելու համար, որը կլինի երկրորդ պաշտպանողական շերտը: Նրա խոսքերով` բոլոր հակակարկտային կայանները, այդ թվում` նրանք, որոնք համայնքային սեփականություն են, կփոխանցվեն ԱԻՆ-ի կողմից կառավարվող միասնական ցանցին: Վարչապետն ընդգծեց, որ հարկակարկտային կայանները, իհարկե, 100 տոկոսով չեն երաշխավորում ռիսկերը, բայց 60 տոկոսով արդյունավետ են, ու եթե կառավարությունը գյուղացիներին օգնում է, որ նրանք ոտքի կանգնեն, ապա անհրաժեշտ է, որ նրանք վստահ լինեն, որ ապագայում պաշտպանված կլինեն կարկտահարությունից:
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց նաեւ, որ, Արմավիրի մարզից ընտրված պատգամավորների նախաձեռնությամբ, կբացվի հիմնադրամ եւ մասնավոր անձինք գումարներ կփոխանցեն առավել անապահով տնտեսություններին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով: Հիմնադրամի հավաքագրումներին իրենց մասնակցությունը կբերեն նաեւ կառավարության անդամները:
Սոցիալապես անապահով այն ընտանիքներին էլ, որոնք համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, եւ որոնց վիճակը աղետալի կարկուտից հետո վատացել է, ֆինանսական օժանդակություն կցուցաբերվի: