կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-14 14:28
Քաղաքական

Կարկուտից կրած վնասները կփոխհատուցվեն

Կարկուտից կրած վնասները կփոխհատուցվեն

Այսօր կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում, որի ընդունումը պայմանավորված է վերջին տասնօրյակում ՀՀ ամբողջ տարածքով, հատկապես` Արմավիրում, Արագածոտնում, Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում տեղի ունեցած  բնական աղետներով:

«Վերջին 4 օրերին եղան նախարարական թիմի և Ձեր այցելությունները Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզեր: Փուլային ձևով կառավարությանն է ներկայացվել 104 միլիոն դրամի հատկացման մասին որոշում, որից 27 միլիոն 400 հազար դրամը կուղղվի Արագածոտնի մարզի շուրջ 20 բնակիչների տանիքները մասնակի վերականգնելու համար, մշակույթի տան տանիքի վերանորոգման, դպրոցի սպորտդահլիճի վերանորոգման համար:Երեկվա այցելությունների արդյունքում, բնակիչների պահանջով, խոշոր գյուղատնտեսական կենտրոն համարվող համայքների համար նախատեսվել է հակակարկտային կայանների տեղադրում, դա հիմնականում գյուղացիների պահանջն է եղել, որն այսօր լուծվում է»,- ասաց Դավիթ Լոքյանը:

Նա հավելեց, որ կիրակի օրվա հեղեղի, կարկուտի արդյունքում Արմավիրի մարզի 20-ից ավել համայնքներ ամբողջությամբ կորցրել են իրենց ռեսուրսները, և նորից բնակիչների պահանջով նրանց հատկացվում է 22 հակակարկտային կայանքներ, որոնք պետք է տեղադրվեն այդ համայքներում: Նախարարի խոսքով` հանձնարարական կա,որ այդ խնդիրների լուծումը փուլային ձևով իրականացվեն որպեսզի հասցեական դառնա օժանդակությունը: Հաջորդ փուլում կներկայացվի Արմավիրի մարզում քամու հետևանքով առաջացած խնդիրների վերացման հարցը:Ներկայումս դիտարկվում են Գեղարքունիքի մարզի համայնքների, Կոտայքի մարզի Քաղսի և Պռոշյան համայնքների խնդիրները:

Դավիթ Լոքյանը ներկայացրեց երեկ Լոռու մարզ կատարած այցելությունները, այնտեղ որոշ համայնքներ վնասներ են կրել հեղեղումների պատճառով: 5 համայնքներին կառավարության կողմից հատկացվում է 16 միլիոն դրամ բնականոն կյանքը վերականգնելու համար : «Խնդիրը մեծ է, և ծրագրային մոտեցումը, որը որդեգրել ենք նախարարներով, առաջիկայում կներկայացնենք կառավարության նիստում, թե ինչպես ենք պատրաստվում հասցեական աջակցություն ցուցաբերել բնակիչներին ու բնակավայրերին»,- ասաց Դավիթ Լոքյանը: