| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կինոյի ոլորտում արդեն իսկ սկսել են փոփոխությունները` դեռևս միայն պաշտոնափոխության տեսքով: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրեց, որ այժմ էլ կինոյի մասին օրենքի վրա են աշխատում:
Ըստ նախարարի` կինոյի մասին օրենքը մշակման փուլում է և պետք է անցնի բոլոր օղակներով: «Օրենքը գրում ենք մենք` կինոյի ոլորտի մասնագետների հետ համագործակցելով: Հաջորդ շաբաթ օրենքի նախնական տարբերակը կուղարկվի շահագրգիռ բոլոր կազմակերպություններին, որից հետո լրացուցիչ ժամանակ կտրվի` թերությունների և բացթողումների մասին մեզ տեղյակ պահելու: Դրանից հետո օրենքը հանրային քննարկման էլ կդրվի, այսինքն` փուլ առ փուլ բոլոր քայլերն անելու ենք»,-ասաց նախարարը:
Նրա կարծիքով` կինոյի ոլորտում ամենամեծ խնդիրը սպառման շուկայի հետ է կապված և առաջին հերթին հենց այս խնդիրը պետք է լուծեն.«Պետք է կարողանանք կինոարտադրությունը դարձնել շատ շահավետ գործ: Մենք նաև «Հայկ»-ն ու Կկինոկենտրոնը կմիավորենք` ավելի արդյունավետ արդյունքներ գրանցելու համար»:
Մշակույթի նախարարի հավաստմամբ` կինոյի մասին օրենքը շահագրգիռ պայմաններ է ստեղծելու, որ գործարարները ներդրումներ անեն կինոարտադրության բնագավառում: Ճշտմանը, թե արդյո՞ք խոսքը գործարարներին հարկային ինչ-ինչ արտոնություններ տալու մասին է` Ամիրյանը պատասխանեց, որ պարտադիր չէ` հարկային արտոնություն լինի, գործարարներին այլ առաջարկներ են անելու:
Ինչ վերաբերում է օրերս Կինոկենտրոնում կատարված փոփոխություններին, ապա, ըստ նախարարի, դրանք բխում են ժամանակի պահանջներից.«Կինոկենտրոնի նախկին տնօրենը` Գևորգ Գևորգյանը բավարար էր աշխատում` իր ժամանակի համար, սակայն այժմ նոր հայեցակարգեր կան, նոր պահանջներ, դրա համար էլ տնօրենի փոփոխության գնացինք: Հույս ունեմ, որ նոր տնօրենի պաշտոնակատարը` Շուշանիկ Միրզախանյանը, ունակ է իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք ունենք, իսկ մենք ուզում ենք կրթական բարեփոխումներ իրականացնել, տեխնիկական նոր բազաներ ստեղծել, կինոնախագծերի ընտրությւոնը բաց ու թափանցիկ դարձնել, մասնավորի հետ համագործակցությունն ընդլայնել»: