կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-17 13:30
Քաղաքական

Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել. հայտարարություն

Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել. հայտարարություն

Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել, ավելացել է անհավասար մրցակցությունն ու խտրական վերաբերմունքը: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտարարություն է տարածել Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան:

««Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության 13-րդ հավաքը, ուսումնասիրելով 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսավորվող կինոնախագծերի մրցույթների արդյունքները հայտարարում է.

1.) Պետական ֆինանսների անարդյունավետ եւ անտրամաբանական բաշխման մասին.

2019թ. ազգային կինոկենտրոնը ֆինանսավորում է հատկացրել 28 (քսանութ) լիամետրաժ կինոնախագծի՝ 500.000-ից մինչեւ 40 միլիոն ՀՀ դրամի չափով:

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում պետական աջակցությամբ տարեկան արտադրվում է 2-3 լիամետրաժ ֆիլմ: Չներկայացնելով որեւէ վիճակագրություն նախորդ տարիներին ֆինանսավորված ֆիլմերի շուկայում գրանցած արդյունքների մասին, անտեսելով հարեւան երկրների փորձը՝ կինոկենտրոնը 28 լիամետրաժ կինոնախագիծ է ֆինանսավորել՝ ծածկելով դրանց ընդհանուր բյուջեի չնչին մասը, անհեռատեսորեն դնելով արտադրողներին երկարատեւ արտադրության վտանգի տակ: Կարճամետրաժ ֆիլմերի բաժնում ֆինանսավորում է տրվել հայտնի կինոռեժիսորների հերթական ֆիլմերի, երբ ի սկզբանե հայտարարվել էր, որ պետությունը խրախուսելու է երիտասարդների դեբյուտային նախագծերը: Հաշվի առնելով կարճամետրաժ ֆիլմերի վարձույթի բացակայությունը՝ կինոկենտրոնը փոշիացրել է ֆինանսները, մուրալով մի քանի հայտնի ռեժիսորի բարյացակամությունը: Անիմացիոն ֆիլմերի համար նույն ընկերությունները ստացել են բազմակի ֆինանսավորում, այդ թվում 2020 թ. բյուջեի հաշվին:

2.) Հովանավորչության եւ երկակի ստանդարտների մասին.

Ազգային կինոկենտրոնի նախագծերը գնահատող փորձագիտական հանձնախմբերի կազմերում եւ այդ հանձնախմբերի կողմից ֆինանսավորում ստացած կինոնախագծերում կրկնվող անունների քանակը հիմք է տալիս պնդելու, որ ձեւավորվել է արտոնյալ կարգավիճակ ունեցող մարդկանց նեղ շրջանակ: Միեւնույն ընկերության մի քանի կինոնախագծերի, նույն կինոգործչի՝ մեկից ավելի կինոնախագծերի ֆինանսավորման, հաղթող նախագծերում փորձագետի մասնակցության դեպքերը երկակի ստանդարտների կիրառման ակնհայտ դրսեւորումներ են՝ նույն պայմանների պատճառով նախկինում ֆինանսավորումից զրկված այլ կինոընկերությունների հանդեպ:

3.) Ֆինանսական հաշվետվողականության բացակայության մասին.

Ազգային կինոկենտրոնի 2019թ. տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ բացակայում է ֆինանսական հաշվետվության բաղադրիչը՝ կինոկենտրոնի ծախսերի՝ այդ թվում կինոկենտրոնի կողմից ֆինանսավորում ստացած ֆիլմերի վարձույթի վերաբերյալ: Ազգային կինոկենտրոնը չի տիրապետում պետական միջոցներով արտադրվող ֆիլմերի ծախսերի վերադարձի մասին տեղեկատվությանը, կամ միտումնավոր թաքցնում է այդ տեղեկատվությունը հանրությունից:

4.) Կոռուպցիայի մասին.

Կոռուպցիայի հանդեպ «զրո» հանդուրժողականություն հռչակած երկրում պետք է բացառվի հաղթող կինոնախագծերի կողմից կինոկենտրոնի ղեկավարության հետ կապակցված ընկերությունից՝ շուկայում հաստատված գներից անհամեմատ բարձր գնով կինոնկարահանման տեխնիկայի վարձակալման պրակտիկան, ինչի մասին ֆինանսավորումից զրկվելու վախից չեն բարձրաձայնում կինոգործիչները, բայց աղաղակում են մեր տրամադրության տակ գտնվող փաստերը:

5.) Խտրականության դրսեւորման եւ անհավասար մրցակցություն մասին.

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից կեղծ մատնության եւ զրպարտության հիմունքներով գրված դիմումի արդյունքում «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը զրկվել է 2019թ. պետական ֆինանսավորման համար անցկացվող մրցույթներին մասնակցելու հնարավորությունից: 2018թ. ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովը ապօրինի հիմքով մերժել է նույն կինոընկերության մեկ այլ կինոնախագծի ֆինանսավորման հայտի քննարկումը: Սա հիմք է տալիս պնդելու, որ 2018-2019թթ. կինոընկերության հանդեպ Ազգային կինոկենտրոնը դրսեւորել է խտրական վերաբերմունք, ինչը ՖԱՀՖ-ը որակում է որպես հավասար մրցակցության պայմանների ակնհայտ խախտում:

Կինոնախագծերի մասին հաշվետվության բացակայությունը գալիս է հաստատելու, որ կինոկենտրոնի ղեկավարությունը պատասխանատվություն չի կրում, իսկ վերադաս մարմինը չի պահանջում նրանից հաշվետվություն՝ պետական միջոցների արդյունավետ բաշխման, կինոինդուստրիայի զարգացման ռազմավարության համար: Այդ կառույցի կողմից կինոնախագծերի ֆինանսավորման ողջ տրամաբանությունը խարսխված է պետական միջոցները յուրայիններին հատկացնելու, կինոկենտրոնի հետ փոխկապակցված ընկերության կինոտեխնիկան աշխատացնելու եւ քիչ-միչ, բայց «բոլորին» բավարարելու կարճամիտ ռազմավարության վրա:

ՖԱՀՖ-ը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կինոյի պատասխանատուներին՝ կինոյի պետական կառավարման ոլորտում արմատական բարեփոխումներ անելու պահանջով.

- Հրապարակե՛ք 2017-2019թ-ի պետական աջակցություն ստացած ֆիլմերի վարձույթում արձանագրած արդյունքները:

- Վերացրե՛ք ՀՀ-ում գրանցված եւ պետությանը հարկեր վճարող կինոընկերության գործունեության հանդեպ խտրականության դրսեւորումները:

- Ապահովե՛ք հավասար մրցակցային պայմաններ գործող բոլոր կինոընկերությունների համար:

- Ուսումնասիրե՛ք եւ արգելե՛ք կինոկենտրոնի ղեկավարության հետ փոխկապակցված ընկերության կողմից պետական ֆինանսավորում ստացած կինոնախագծերին շուկայականից բարձր գներով տեխնիկական միջոցների վարձակալում պարտադրելու արատավոր պրակտիկան:

- Ի վերջո, պարտադրե՛ք կինոյի պետական քաղաքականությունը իրականացնող կառույցին՝ հստակեցնել հայկական կինոյի զարգացման իր տեսլականը»: