Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կադրային փոփոխությունները միշտ եղել են, այսուհետ էլ շարունակվելու են եւ` ավելի ակտիվ. այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` նշելով, որ վերջին փոփոխությունները հիմնականում կապված են ռոտացիոն համակարգի հետ, որովհետեւ մարդը, երեք, չորս, հինգ տարի նույն բաժնում ղեկավարի պաշտոնում աշխատելով, կարծրանում է, կորցնում իր հնարավորությունները, թուլացնում հսկողությունը:
«Այս պարագայում նպատակահարմար ենք գտնում նրան տեղափոխել մեկ այլ ստորաբաժանում` թեկուզ համապատասխան պաշտոնի: Ում ազատել եմ աշխատանքից, նոր նշանակումներ են եղել` կոնկրետ Կոտայքի բաժնի պետին, Հրազդանի բաժնի պետին եւ եւս մի քանիսին: Նրանք շուտով կնշանակվեն համապատասխան պաշտոնի: Նրանք ժամանակին լավ էին աշխատում, վերջին ժամանակներս թուլացրեցին տեմպը, այդ իմաստով փոփոխությունը ժամանակին էր եւ պատճառաբանված»,- ասաց ոստիկանապետը` հավելելով, որ այս քաղաքականությունը շարունակվելու է, քանի որ «երեք-չորս տարուց ավելի նույն պաշտոնում մնալով` հաստատ դեֆորմացում տեղի կունենա»:
«Ճիշտ կլինի, որ տեղափոխվի, թարմ ուժերով մեկ ուրիշ կոլեկտիվի հետ աշխատի, նոր տարածաշրջան սպասարկի»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Քրեական հետախուզության վարչության նոր պետի վարած քաղաքականության արդյունքում կադրերի զանգվածային արտահոսքին, որի մասին վերջին օրերին գրում էր մամուլը, Ա. Սարգսյանը նշեց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
«Նրա պաշտոնավարման ընթացքում ընդամենը չորս փոփոխություն է եղել, որից երկուսը առաջխաղացման են գնացել: Իսկ ինչ վերաբերում է, որ աշխատանքի նկատմամբ հատուկ պահանջ ունի, ապա ոստիկանությունում այդ դժգոհության իրավունքը ոչ ոք չունի. մենք պարտավոր ենք աշխատել այնքան ժամանակ, որքան դրա կարիքը կա: Ցանկացած օպերատիվ իրավիճակի լարման դեպքում մենք կարող ենք նույնիսկ մի քանի օր գիշերն էլ տուն չգնալ, ինչի՞ մասին է խոսքը, դա օրենքով էլ է նախատեսված, եւ ոչ մեկը դրանից դժգոհելու կարիք չունի»,- ասաց նա:
Ոստիկանապետը նաեւ նշեց, որ Քրեական գլխավոր վարչության հեղինակությունը շատ բարձր է, վարչության պետի աշխատանքից էլ շատ գոհ է. նրա նշանակումից հետո բավականին ակտիվացում է տեսնում` դեպքերի բացահայտման հետ կապված: