կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-02 11:48
Հասարակություն

Սևանի բժշկական կենտրոնները կմիավորվեն

Սևանի բժշկական կենտրոնները կմիավորվեն

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Սևանի հիվանդանոց» և «Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլել` ստեղծելով «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով` որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Սևան քաղաքի առողջապահական համակարգը արդիականացնելու և ծառայությունների մատուցման մատչելիությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

«Նկատի ունենալով այն, որ Սևանի հիվանդանոցի մասնաշենքերը ներկայումս տեղակայված են բնակչության համար անհասանելի վայրում՝ մայրուղու հարևանությամբ, որոնցից մեկը ընդհանրապես չի շահագործվում, նոր ստեղծված հիվանդանոցի հարևանությամբ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի միջոցներով կկառուցվի հիվանդանոցային նոր մասնաշենք։ Իսկ ազատվող տարածքները կտրամադրվեն «Սևա» հոգեբուժական հիվանդանոցին` ընկերության աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու համար»,- ասաց Արմեն Մուրադյանը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարից հետաքրքրվեց` ե՞րբ կսկսվի նոր հիվանդանոցի շենքի շինարարությունը։ Մուրադյանը տեղեկացրեց, որ ներկայումս ընթանում է գնահատման փուլը, հինգ ամիս կտևեն նախագծային աշխատանքները, իսկ շինարարությունը կսկսվի 2016 թվականի սկզբին ու կտևի շուրջ երկու տարի։

Վարչապետը հորդորեց հիվանդանոցի շինարարական աշխատանքներում անպայման ներգրավել Գեղարքունիքի մարզպետին։