կարևոր
1339 դիտում, 3 ամիս առաջ - 2024-01-11 12:50
Հասարակություն

Դիլիջանում գործող երկու պետական քոլեջները կմիավորվեն. նախագիծ. «Փաստ»

Դիլիջանում գործող երկու պետական քոլեջները կմիավորվեն. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է միաձուլել Դիլիջանի պետական քոլեջն ու Դիլիջանի պետական բժշկական քոլեջը: Արդյունքում կստեղծվի «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը: Նշվում է, որ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Դիլիջանում սովորողների թվաքանակի նվազեցման միտումը և ուսհաստատություններին ամրացված տարածքների օպտիմալ օգտագործման հանգամանքը:

Նախարարությունը կարծում է, որ քոլեջների օպտիմալացման (խոշորացման) արդյունքում Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջում կբարձրանա ուսհաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, հնարավորություն կընձեռվի, պահպանելով ուսուցանվող մասնագիտությունները, ներդնել մարզի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի մեկ հաստատության ներսում իրականացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր:

Ներկայում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործում են ԿԳՄՍ նախարարության «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ», «Դիլիջանի պետական քոլեջ» և «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ները: Դիլիջանի պետական քոլեջում, որը գործում է Դիլիջանի Ուսանողական 70 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքում, ներկա պահին սովորում է մոտ 194 ուսանող, որից 79-ը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, իսկ Դիլիջանի պետական բժշկական քոլեջում, որը գործում է Դիլիջանի Ուսանողական 74 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքում, ներկա պահին սովորում է 196 ուսանող:

Ուսումնական հաստատությունները ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ ավելի մեծ տարածք, որը չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում դրա պահպանման նպատակով: Դիլիջանի պետական բժշկական քոլեջին ամրացված ուսումնական մասնաշենքում անհրաժեշտ է իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ն իր ուսումնական գործընթացը կիրականացնի պահանջվող նորմատիվների պահանջներին համապատասխան պայմաններում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում